Wednesday, February 10, 2010

Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՈւՄ ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈւՐՔԻԱՅՈւՄ

Report.am. 9-2-2010- Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Ստամբուլում և Անկարայում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկել է Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգին Թուրքիայի մասնակցության հարցը։ Գեյթսը բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Վեջի Գենյուլեմի և երկրի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ «Ահա թե ինչ ենք մենք քննարկել. ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգում իր ներդրումն ունենալու ազգային ռազմավարություն է մշակում, ռազմավարություն, որի մասին անցյալ տարի հայտարարել է նախագահ Օբաման։ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարները դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են ՀՀՊ-ի կարևորությունը դաշինքի համար հատկապես բալիստիկ հրթիռների մեծ տարածում ստանալու պարագայում», հայտարարել է Գեյթսը Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ «Ես չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց կարող եմ ասել, որ քննարկումները Թուրքիայի դերակատարության մասին էին, որ նա կարող է ունենալ ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի ենթատեքստում։ Մենք մի քանի տարբերակ ենք քննարկել, և բանակցությունները դեռ կշարունակվեն»,-հավաստիացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով, որ Լեհաստանն ու Ռումինիան համաձայնվել են իրենց տարածքում հրթիռներ տեղակայել Հավելենք, որ թե՛ նախագահ Օբաման, թե՛ պետքարտուղար Քլինթոնը, և թե՛ Գեյթսը բազմիցս հայտարարել են, որ ՀՀՊ համակարգի միակ նպատակն է չեզոքացնել Իրանից սպասվող վտանգը։

No comments: