Wednesday, February 10, 2010

Թուրքիան դեռ շարունակում է բողոքել Հայաստանի ՍԴ որոշումից

News.am. 10-2-2010- Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղուց հանելու նպատակով Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին կմեկնի Վաշինգտոն եւ կներկայացնի Թուրքիայի դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը: Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումից հետո թուրքական կողմը Վաշինգտոնին է ներկայացնելու իր դիրքորոշումը նախապատրաստվող իրավական փաստաթղթի շրջանակներում: Սակայն ԱՄՆ-ում Սինիրօղլուի օրակարգում միայն Հայաստանի ՍԴ-ի որոշումը չի լինելու: Թուրքական կողմը իր անհանգստությունը կհայտնի մարտի սկզբին ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի առընչությամբ: Այս նախագծի դեմ, բացահայտորեն դեմ է արտահայտվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նշենք, որ Ֆերիդուն Սինիրօղլուն Թուրքիայի դժգոհությունները Հայաստանի ՍԴ-ի որոշման հետ կապված արդեն հասցրել է հայտնել Շվեյցարիայում խնդրով հետաքրքրված պատասխանատու անձանց: Սինիրօղլուն Շվեյցարիա էր մեկնել փետրվարի 5-ին: Թուրքիայի ԱԳՆ-ը նախատեսում է նաեւ դիվանագետներ ուղարկել Ֆրանսիա եւ Ռուսաստան, ովքեր եւս հանդիսանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շահագրգիռ կողմ:

No comments: