Tuesday, February 16, 2010

«Ազգ»-ը 19 տարեկան է

Panorama.am. 16-2-2010- Այսօր լրանում է «Ազգ» օրաթերթի 19-րդ տարեդարձը: Թերթն առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականի փետրվարի 16-ին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Ի սկզբանե, խմբագրի խոսքով, թերթի համար գլխավոր թեմա է համարվել ԼՂ հակամարտությունը: «Եթե առաջ ռազմական գործողություններն էին, պաշտպանողական մարտերը, ապա հետագայում և առ այսօր զբաղվեցինք հարցի կարգավորման թեմայով: Ի տարբերություն շատ թերթերի, մենք գլխավոր ուշադրությունը դարձնում ենք հենց Ղարաբաղյան հարցին, քանի որ դրանից մեր երկրի, ժողովրդի, հայության կյանքի համար շատ բան է կախված»,-ասաց Հ. Ավետիքյանը: Ըստ նրա, քանի դեռ, «դժբախտաբար», այդ հիմնահարցի լուծումը չի գտնվել, «Ազգ» օրաթերթը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրն ու դրա հետ կապված զարգացումները: Բացի այդ, թերթի գլխվոր խմբագիրը նշեց, որ հատկապես վերջերս, թերթի ուշադրության կենտրոնում են նաև հայ-թուրքական հարաբերությունները, որոնց շուրջ նորանոր զարգացումներ չկան, բայց կան հստակեցումներ: Այս առիթով, Հ. Ավետիքյանը հատուկ անդրադարձավ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Լոնդոնյան ելույթին, որը, թերթի գլխավոր խմբագրին «հիացրել է» որպես քաղաքացու, կամ հայ մարդու: «Ես չեմ լսել մեր որևէ նախագահի կողմից այդպիսի կուռ և ամբողջական ելույթ միջազգային ասպարեզում»,-ասաց Հ. Ավետիքյանն ու ավելացրեց, որ շեշտադրումները ճիշտ էին և ամեն ինչ ասվել է ելույթում: Միայն մեկ բան չի գոհացրել Հ. Ավետիքյանին: Այն փաստը, որ ներկաներից որպես պաշտոնական դեմք միայն Մեծ Բրիտանիայի նախկին պաշտպանության նախարարն էր: Ըստ նրա դա պարզապես լոբբինգի, PR-ի խնդիր էր: Որպես լրագրող, Հ. Ավետիքյանը նշեց, որ միտում կա լավը չշեշտել` մտածելով, որ շողոքորթություն կլինի: Ըստ նրա, հարկավոր է լավ քայլն ու արարքը ողջունել, վատն էլ` շեշտել: «Ճամբարների ենք բաժանված` մամուլը դրա մեջ, քաղաքական շերտավորումներ էլ կան, որտեղ դիմացի կողմն ինչ էլ անի պետք է ասեն` «քըխ», վատ էր: Ես կարծում եմ, որ լրագրողներով պետք է հասունանանք, առաջ անցնենք ու բան բաց չթողնենք»,-եզրափակեց Հ. Ավետիքյանը:

No comments: