Tuesday, February 23, 2010

«Firat». Թուրքական բանտ, նույնն է թե` սպանդանոց

Panorama.am. 23-2-2010- 12 տարի առաջ «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի հետ կապեր ունենալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Իզզեթ Թուրանը Դիարբեքիրի թուրքական բանտի անմարդկային պայմաններում է կրում իր պատիժը: Թուրքական «Firat» լարտվական գործակալության տեղեկացմամբ` ծանր հիվանդություններով տառապող Թուրանին ոչ մի օգնություն չի ցուցաբերվում, ոչ մի բուժում չի նշանակվում: «Իմ որդին բանտ մտնելուց առաջ ոչ մի հիվանդություն չուներ: Այժմ արդեն 7 հիվանդություն ունի, որոնցից մի քանիսը համարվում են մահացու: Եթե բանտից որդուս դագաղը դուրս բերեն, ես այս իշխանություններին երբեք չեմ ների, դրա համար այս պետությունը պատասխանատվություն կկրի: Իմ որդուն բանտում մահվան են դատապարտում»,- նշել է Իզզեթ Թուրանի հայրը: Նա նամակով դիմել է երկրի նախագահին ու արդարադատության նախարարին, որպեսզի իր որդուն տեղափոխեն բանտային հիվանդանոց: Բայց մինչև օրս ոչ մի պատասխան չի ստացել, իսկ Թուրանի վիճակն օրեցօր ծանրանում է, նա արդեն կորցրել է տեսողությունը: «Մարդկային զարգացման ինստիտուտի» մասնաճյուղերից մեկի ղեկավարի օգնական Բուրհան Զորօղլուն էլ այդ կապակցությամբ նշել է. «Նման ծանր հիվանդության դեպքում դատապարտյալների պատժաչափը հանում են կամ նախագահի հրամանով նրանք ազատ են արձակվում: Բայց Թուրանի դեպքում դեռ ոչ ոչ մեկը չի կիրառվել: Ի վերջո, այդ մարդիկ այս երկրի քաղաքացիներն են: Դիտորդի պես նայել, թե ինչպես են մարդիկ մահանում բանտում, դա ծանրանում է հասարակության խղճի վրա: Բացի այդ, իրավական պետությանը հարիր չէ մարդկանց թողնել, որպեսզի նրանք բանտում մահանան»: Այս և նման մի շարք փաստեր աղաղակում են, որ թուրքական պետությունը դեռևս իրավական համարվել չի կարող:

No comments: