Wednesday, February 24, 2010

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի վարչապետի վրա կոշիկը նետող տղամարդուն

/PanARMENIAN.Net/ 23.02.2010 - Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը կոշիկը նետել էր պաշտոնական այցով թագավորությունում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, հաղորդում է EFE գործակալությունը: Սեւիլացի «կոշիկ նետողը» 27-ամյա սիրիացի էր, էթնիկ քուրդ: EFE գործակալությանը ոստիկանության աղբյուրը հաղորդել է, որ այդ երիտասարդը արդեն մեկ տարի բնակվում է իսպանական Անդալուզիա տարածաշրջանի մայրաքաղաք Սեւիլիայում: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, Իսպանիայի ժամանակով ժամը 22.30-ին, այն պահին, երբ թուրք վարչապետը մեքենա էր նստում, որպեսզի գնար Սեւիլիայի օդանավակայան: Երիտասարդը իր 44 չափսի կոշիկը նետել է թուրք քաղաքական գործչի վրա եւ բղավել. «Կեցցե' Քուրդստանը»: Կոշիկը չի դիպչել թիրախին, սակայն անվտանգության ծառայությունը ակնթարթորեն մեկուսացրել է նետորդին: Այդ երիտասարդը 72 ժամ հարցաքննության է ենթարկվելու` արտասահմանցի պետական գործչի վրա հարձակում կատարելու համար: Ձերբակալվածին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար: Ոստիկանության տվյալների համաձայն, ավելի վաղ մեկ այլ տղամարդ, նույնպես քուրդ, ձերբակալվել էր Alfonso XIII հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել էր Էրդողանը: Այդ տղամարդը նույնպես վիրավորել էր Էրդողանին` նրան անվանելով մարդասպան եւ բացականչել էր. «Ազատություն Քուրդստանին»: Ձերբակալվածի անձը հաստատելուց հետո նրան ազատ են արձակել: Ոստիկանությունը չի բացառում, որ այդ առաջին ձերբակալվածն ու կոշիկ նետող անձը կապված են միմյանց հետ: Հայտնի քաղաքական գործիչների վրա առաջին անգամ չէ, որ կոշիկ են նետում: Առաջին անգամ այդպես վարվեց իրանցի լրագրող Մունթազեր ազ Զեյդին` կոշիկը նետելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա` 2008 թ. դեկտեմբերին, որի համար նա բանտ նետվեց: Քրդական հարցը Թուրքիայի ներքաղաքական կյանքի սրված հարցերից մեկն է: 1984 թ.-ից Քուրդստանի բանվորական կուսակցությունը զինված պայքար է մղում քրդերի ինքնավարության համար: Քրդական կուսակցության եւ թուրքերի միջեւ բախումներից զոհվել են ավելի քան 40 հազ. մարդ: 2009 թ. նոյեմբերին վարչապետ Էրդողանը հայտարարել է իշխանությունների վճռականությունը` քրդական հարցի լուծման գործում: 2009 թ. երկրում իրավիճակը սրվում է, երբ քրդամետ Դեմոկրատական կուսակցությանը կառավարությունը մեղադրում է ՔԲԿ հետ կապի մեջ: 2010 թ. փետրվարին Թուրքիայի մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունենում ՔԲԿ եւ թուրքական ոստիկանության միջեւ:

No comments: