Wednesday, February 17, 2010

ՆՈՐ ԵՐԱՆԳՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ

«Լրագիր» 17-2-2010- ԼՂՀ նախագահի առաջարկը` կարգավորման գործընթացում տարածքային ամբողջականության հարցի քննարկումը տեղափոխել իրավական հարթություն, հնչեց առանց մեկնաբանության. ինչպե՞ս է ղարաբաղյան կողմը պատկերացնում “իրավական դաշտում” տարածքային հարցի դիտարկումը` միջազգային դատարանում, ՄԱԿ-ում, Մեծ ութնյակի նիստո՞ւմ: Ո՞ր միջազգային մարմինն է լիազորված լուծել տարածքային վեճերը երկրների միջեւ: Ի՞նչն է դրվում նման կարգավորման հիմքում` իրականությունը, պատմական իրավունքը (եւ որն է նման իրավունքի ժամկետը), ուժերի դասավորությունը, աշխարհքաղաքական նպատակահարմարությունը: Այս հարցերի պատասխանն առայժմ չկա: Հարցի նման դրվածքում թերեւս նկատելի են այլ նպատակներ: Ղարաբաղյան կողմն, ըստ ամենայնի, առաջարկում է հետաձգել տարածքային հարցի քննարկումը եւ զբաղվել ձեւավորված ստատուս-քվոյի հիման վրա հարաբերությունների կարգավորմամբ: Չէ որ այն ուժերի համար, որոնք արագացնում են ղարաբաղյան խնդրի կարգավորումը, կարեւոր է ոչ այն, որ ղարաբաղյան տարածքներն անցնեն Ադրբեջանին, որպեսզի փախստականները վերադառնան, եւ այդպես շարունակ: Կարեւոր է, որ Ղարաբաղի տարածքը չդառնա տարածաշրջանային եւ գլոբալ հաղորդակցությունների խոչընդոտ: Ղարաբաղն այսօր էլ պատրաստ է իր տարածքը տրամադրել հաղորդակցությունների նախագծերի համար, սակայն Բաքուն խոչընդոտում է դրանց, պահանջելով տարածք սահմանների բացման դիմաց: Եւ եթե “լուծվի” տարածքների հարցը, դրանք փոխանցելով ինչ որ մարմինների քննարկմանը, Բաքուն այլ պատճառաբանություններ չի ունենա Ղարաբաղի սահմանը փակ պահելու համար: Հնարավոր է, որ տարածքների հարցը իրավական դաշտում քննարկելու առաջարկն ընդամենը “միջանկյալ կարգավիճակի” գաղափարի շարունակությունն է: Ղարաբաղի համար համանախագահների առաջարկներում ենթադրվում է ինչ որ ճանաչված միջանկյալ կարգավիճակ, որը կրկին թույլ կտա լեգիտիմացնել տարածքը, անցկացնել հաղորդակցություններ, միով բանիվ` ապաշրջափակել տարածաշրջանը: Սակայն կրկին առաջանում է “տարածքային ամբողջականության” հարցը, ու եթե այն տրվի ինչ որ միջազգային դատարանի քննարկման, կարելի է դեռ երկար ապրել “միջանկյալ կարգավիճակի” օրոք, պահպանելով ներկայիս ստատուս քվոն: Ինչպե՞ս կվերաբերվեն միջազգային միջնորդները Ղարաբաղի նախագահի առաջարկին: Հնարավոր է, դա նրանց համար անակնկալ չէր, եւ նույնիսկ համաձայնեցված նրանց հետ, կամ նրանցից ոմանց: Եւ գիտե՞ր արդյոք դրա մասին Մամեդյարովը, ով հայտարարում էր, թե Ադրբեջանը համաձայն է մադրիդյան նորացված սկզբունքներին: Հատկանշական է, որ նոր ռիտորիկա է հայտնվել նաեւ Հայաստանի արտգործնախարարի բառապաշարում: Լրագրողների հետ հարցազրույցում նա հայտարարեց, թե խոսելով տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը պետք է նկատի ունենա, որ պիտի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: