Thursday, February 18, 2010

Ավելի շուտ երկինքը կիջնի գետնին, քան Լեռնային Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ. ՀՀԿ

Panorama.am. 18-2-2010- «Ադրբեջանի հայտարարություններն ընդհանրապես փրփուրներից կախվելու փորձ են հիշեցնում և իրենց կարծիքով, այդպես թոզ փչելով կարող են ինչ-որ բանի հասնել», -մեկնաբանելով ադրբեջանական արգործնախարարության հայտարարությունը, թե Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանները պատկանում են Ադրբեջանին, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նրանք պետք է մեկընդմիշտ հասկանան, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի լինի` ոչ տեսականորեն, ոչ գործնականորեն», -հավելեց իշխանության ներկայացուցիչը: Նա հարևաններին հիշեցրեց արաբական ասացվածքը` «Ավելի շուտ երկինքը կիջնի գետնին, քան Լեռնային Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ»: Ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Շարմազանովը հիշեցրեց ղարաբաղյան ազատամարտի արդյունքները. «Մեկ անգամ ռազմական ագրեսիա սկսեցին և տեսնում ենք` ինչ տխուր վերջաբան եղավ նրանց համար: Եթե նրանց համար հայկական կողմի հայտարարությունները բավարար չեն, հիշեցնեմ Իտալիայի Աքվիլա քաղաքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը` ԼՂՀ կարգավիճակը որոշելու է ԼՂ ժողովուրդը: Իրականությունն այն է, որ ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի կազմում լինել»: Հիշեցնենք, որ մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների վերացման հետ կապված հարցերի շարքում հարկավոր է, որպեսզի լուծվեն նաև Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Փոլուխովն առաջարկել էր «ցույց տալ որևէ միջազգային-իրավական ակտ, որտեղ կխոսվի այն մասին, որ երկիրը կարող է օկուպացնել սեփական տարածքը»:

No comments: