Wednesday, February 17, 2010

Իրանը ցանկանում է ԱԷԿ կառուցել եւ ատոմային վառելիք մատակարարել հարեւաններին

News.am. 16-2-2010- Իրանը մտադիր է զարգացնել իր ատոմային ծրագիրը եւ ցանկանում է ապագայում ԱԷԿ կառուցել հարեւան երկրների համար ու նրանց ատոմային վառելիք մատակարարել: Այդ մասին, ինչպես հաղորդում է AFP-ն, փետրվարի 16-ին հայտարարել է Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմադ-Ջավադ Լարիջանին, որն այցով գտնվում է Շվեյցարիայում: «Մենք պատրաստվում ենք օգնել տարածաշրջանի մյուս երկրներին, մենք պատրաստվւմ ենք օգնել ցանկացածին, ով դրա կարիքն ունի»,- հայտարարել է Լարիջանին: Նրա խոսքով, տվյալ բնագավառը հետաքրքիր է Իրանին, եւ երկիրը պատրաստ է ներդրումներ անել այդտեղ. « Մենք ցանկանում ենք լինել այն, որ ատոմային էլեկտրակայաններ է կառուցում եւ ատոմային վառելիք է առաքում այլ երկրների»: Լարիջանին հիշեցրել է, որ ներկայումս ԻԻՀ-ում ավարտվում է երկրում առաջին «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը եւ ընթանում է երկրորդ ԱԷԿ-ինը: Հիշեցնենք, որ տարվա սկզբին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին համագործակցել Թուրքիայում ԱԷԿ-ի շինարարության կապակցությամբ: Համապատասխան հուշագիրը ստորագրվեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած այցի ժամանակ: Միեւնույն ժամանակ Հայաստանում սկսվելու է Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը, որի պատվերը ստանալու լուրջ հույսեր են փայփայում ռուսաստանցի ատոմաշինարարները:

No comments: