Saturday, February 13, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՐՑՈւՄ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՍԽԱԼՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Հայաստանի նախագահի լոնդոնյան զեկույցը նրա հանրապետական գործընկերներն ու քաղաքական համակիրներն աներկբա որակեցին պատմական ելույթ: Անկասկած, Սերժ Սարգսյանի այդ ելույթը, բացի մեկ-երկու պահերի, ընդհանուր առմամբ, բավականին լավ, կարելի է անգամ ասել` փայլուն ելույթ էր: Բայց նախագահ Սարգսյանի ելույթը պատմական համարելը չափազանցություն է, քանի որ 1991 թվականից ի վեր եղել են Հայաստանի այլ առաջնորդների ու բարձրաստիճան պաշտոնյաների շատ ավելի փայլուն (ընդ որում` ոչ գրավոր) ելույթներ աշխարհի ամենատարբեր վայրերում: Նախագահ Սարգսյանի լոնդոնյան ելույթը պատմական էր նախագահ Սարգսյանի նախորդ ելույթների համեմատ: Շեշտադրումների կտրուկ փոփոխությունը հավանաբար պայմանավորված է Ղարաբաղյան հարցում Հայաստանի համար սպասվելիք ոչ այնքան հաճելի զարգացումներով: Տպավորություն էր ստեղծվում, թե նախագահ Սարգսյանը Լոնդոնից ՈՉ է ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկին, որը ներկայացվել է Սոչիում հունվարի 25-ին: Նախագահ Սարգսյանի լոնդոնյան ելույթը շեշտադրումների առումով շատ նման էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի ելույթին: Միջազգային հանրությունը շվեյցարացիների գլխավորությամբ (այն ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահողը «չեզոք» Շվեյցարիան էր) ու թուրք-ռուս-ամերիկյան ճնշումների տակ փորձում էր լուծում պարտադրել, սակայն Հայաստանն արժանապատվորեն (թեև դրա դիմաց մենք գին վճարեցինք, բայց այդպես է ամեն դեպքում, երբ դու չես համաձայնվում ծնկի գալ, ու նման գին կարելի է միշտ էլ վճարել) մերժեց և բացատրեց, թե ինչու է մերժում միջազգային հանրության պարտադրանքը: Անկասկած, նախագահ Սարգսյանը ևս ճիշտ է վարվում, եթե մերժում է Ղարաբաղյան կարգավորման նորագույն` Կրակով-Սոչիի (չզարմանաք այս նոր տերմինի վրա, ամեն ինչ ճիշտ է) առաջարկները, որոնք, ըստ տարբեր հաղորդագրությունների, ընդունելի է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ առաջարկները, որոնք խիստ անբարենպաստ են Լեռնային Ղարաբաղի համար, պետք է մերժել, և եթե Հայաստանի նախագահը դա մերժել է Սոչիում, ապա բավականին կոշտ ելույթ ունեցել Լոնդոնի «Չեթեմ Հաուսում», ապա պիտի միայն ողջունել: Եվ ընդհանրապես, պիտի մերժել որևէ առաջարկ, եթե այն չի ապահովում ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ Ադրբեջանը ստանում է վեցուկես շրջան միանգամից: Սակայն անհասկանալի է նախագահ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որով նա պատրաստակամություն է հայտնում Իլհամ Ալիևին ևս հրավիրել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման (այս բառը հեղինակինն է) արարողությանը: Շատերին կարող է թվալ, թե սա դիվանագիտական հնարք է: Իրականում, եթե Թուրքիան բացի սահմանը, Աբդուլլահ Գյուլի և Սերժ Սարգսյանի հետ նաև Իլհամ Ալիևի մասնակցությունը այդ արարողությանը կարող է մեկ բան նշանակել. սահմանի բացման դիմաց Հայաստանը զիջումեր է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Հակառակ դեպքում պիտի մտածել, որ նախագահ Ալիևին ու ռազմատենչ Ադրբեջանին հայկական կողմը պարզապես հիմարի տեղ է դրել: Անհասկանալի ու վտանգավոր է Հայաստանի իշխանությունների` Թուրքիայի «հետևից ընկնելու» այս մոլուցքը, ինչը դրսևորվեց Մեծ Բիրտանիայի ճանապարհին: Որքան մոտ լինի հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը, այնքան իրական է դառնալու Լեռնային Ղարաբաղում հողային զիջումների գնալու վտանգը: Հայաստանը ուղղակի կարող է կանգնել մղձավանջային ընտրության առաջ, բայց դրա պատասխանատուն և մեղավորը բացառապես Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք մինչև վերջ էլ չեն գիտակցել (կամ չեն ուզում ընդունել), որ երկու գործընթացները կապված են միմյանց հետ: Որքան մոտ լինի հայ-թուրքական մերձեցումը, այնքան մոտ է լինելու Լեռնային Ղարաբաղում հող զիջելու և դրա դիմաց կարգավիճակի հարցում ոչինչ չստանալու` հայ ժողովրդի համար տխուր, Հայաստանի իշխանությունների համար վտանգավոր հեռանկարը: Թուրքերը հազար անգամ ասել են, որ սահմանը չեն բացելու, իսկ Գյուլին ուղերձներ հղելով Հայաստանը հեշտացնում է, այո՛, հեշտացնում է Թուրքիայի գործերը: Գյուլի համար Հայաստանից ստացվող նման ուղերձները միայն ու միայն ծառայում են մի նպատակի` բարեհաջող հաղթահարել մեկ «Ապրիլի 24» ևս: Հայաստանի ու Թուրքիայի նախագահների ուղերձների փոխանակումը բխում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, անգամ Ռուսաստանի, անշուշտ` Թուրքիայի, բայց ոչ երբեք Հայաստանի շահերից: Նման նամակագրությունը Հայաստանի «շահերից» է բխում միայն մեկ դեպքում. եթե իրոք Հայաստանի այս իշխանությունները վախենում են, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն իր ապրիլքսանչորսյան ուղերձում և այդպիսով` վերջնականապես ու անդառնալիորեն տապալել հայ-թուրքական գործընթացը: Հայաստանը «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում դեռևս թույլ չի տվել վերջին ու նաև ճակատագրական սխալներից մեկը. չսպասելով թուրքական կողմին` վավերացնել երկու արձանագրությունները: Եթե Հայաստանը «կրակի» վերջին փամփուշտը և խորհրդարանում վավերացնի արձանագրությունները, ապա կիրականացնի թուրքական կողմի երազանքը: ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող

No comments: