Wednesday, February 17, 2010

Հայաստանի բուհերը միջազգային վարկանիշային աղյուսակում զիջում են անգամ Մոզամբիկի համալսարանին

News.am. 16-2-2010- Հանրապետության գիտահամալսարանական համակարգը խոր ճգնաժամի մեջ է՝ այս բնագավառի նկատմամբ տարվող ոչ ճիշտ քաղաքականության պատճառով։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց գիտությունների դոկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկական կենսաբանության միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի հիմնադիր, Սիներիկ Հայրապետյանը՝ ավելացնելով, որ դրանում համոզվելու համար բավական է ընդունված ժամանակակից սանդղակով փաստագրել հանրապետության ներկայիս գիտական ներուժը։ «Գնահատելով միայն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի գիտական վարկանիշները կամ ուսումնասիրության առարկա դարձնելով ԿԳՆ-ի կողմից իրականացվող գործառույթները՝ գիտական կադրերի պատրաստման, որակավորման եւ պետական միջոցների բաշխման բնագավառներում, արդեն ամեն ինչ ակնհայտ է դառնում»,- ասաց Ս. Հայրապետյանը։ Ըստ նրա, հանրապետության գիտահամալսարանական համակարգի ներկայիս կաթվածահար վիճակը հրամայական է դարձնում բնագավառում կտրուկ բարեփոխումների անհրաժեշտությունը, որի հապաղումը կարող է խիստ կործանարար հետևանքներ ունենալ: «Իրական բարեփոխումների արդյունքում միայն Հայաստանը կարող է ունենալ իրեն հարիր գիտահամալսարանական ժամանակակից համակարգ, որն էլ հնարավորություն կտա ունենալ մրցունակ գիտություն և համալսարանական կրթություն»,- ասաց գիտությունների դոկտորը։ Տեղեկացնենք, որ ըստ www.4icu.org կայքի՝ աշխարհի 9200 համալսարանների եւ քոլեջների վարկանիշային աղյուսակում ԵՊՀ-ն զբաղեցնում է 2445-րդ, ԵՊՃՀ-ն 5337-րդ, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ն 5529-րդ, ՀՊԱՀ-ն 7403--րդ տեղը՝ զիջելով տարածաշրջանում գործող գրեթե բոլոր համալսարաններին (Բաքվի Խազար համալսարան-2210, Թեհրանի համալսարան-675, Ստամբուլի տեխնիկական համալսարան-33, Մոզամբիկի համալսարան-2028)։

No comments: