Wednesday, February 17, 2010

Թուրքիայի ԱԳ նախարարը Թեհրան է ժամանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճը լուծելու համար

/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության նոր առաջարկների քննարկմանը: Այդ մասին հայտնեց Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին Թեհրանում իր թուրք պաշտոնակից Ահմետ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Վերջինս փորձում է պաշտպանել ներկայիս նախագիծը, որն օժանդակել է ՄԱԿ-ը: Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ իրանական ղեկավարությունը հայտարարեց ուրանի հարստացման գործընթացում զգալի հաջողությունների մասին, աշխարհում ավելի հաճախ սկսեցին հնչել Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման կոչերը: Մոսկվայում Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կրկին նշեց, որ եթե Իրանը մերժի այլ երկրների եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը, ոչ ոք չի կարող բացառել պատժամիջոցների կիրառումը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.: Ներկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում: 2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

No comments: