Tuesday, February 16, 2010

Թուրքիայի իշխող կուսակցության մեջ Էրդողանի դեմ դավադրություն են բացահայտել

News.am. 16-2-2010- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Ահմեդ Էդիփ Ուղուրը հայտարարել է, որ իրենց կուսակցության նախկին պատգամավոր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, ով համարվում էր նաեւ վարչապետի աջ ձեռքը, իբր ծրագրել էր հեղաշրջման արդյունքում դառնալ Թուրքիայի վարչապետ։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրան Չոմեզը, հասկանալով, որ այլեւս չի կարող պատգամավոր ընտրվել, գնացել է դավաճանության։ Վերջինս սկսել է համագործակցել Թուրքիայի իշխանություններին տապալել ծրագրած խմբավորումների հետ եւ պահանջել է հեղաշրջումից հետո իրեն դարձնել վարչապետ։ 2008-ի ապրիլին Թուրան Չոմեզը հեռացվել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից՝ կուսակցությանը վիրավորելու պատճառաբանությամբ, իսկ արդեն հուլիսին դատարանը նրա հանդեպ ձերբակալման որոշում է կայացրել՝ «Էրգենեկոնի» (ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն, որը նախաձեռնել էր տապալել թուրքական ներկայիս իշխանությանը) գործի շրջանակներում։ Չոմեզն էլ արագ հեռացել է Անգլիա։ Հայ հասարակությանը Թուրան Չոմեզը հայտնի է նրանով, որ 2004-ին ապրիլի 24-ից առաջ եղել է Հայաստանում, մասնակցել հեռուստահաղորդման, իսկ Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուսանողներից մեկի պահանջով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել է 1915-ի Ցեղասպանության զոհերի հիշատակը։

No comments: