Wednesday, February 10, 2010

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀՐԵԱՆԵ՞ՐԸ, ԹԵ՞ ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ

«ԱԶԳ», 10-02-2010 - «Ազգը» բազմիցս է անդրադարձել թուրք-իսրայելական լարված հարաբերություններին, ինչպես նաեւ այս ֆոնին հրեաների կողմից Հայոց ցեղասպանության փաստի` վերջին ժամանակներս հաճախակի դարձած արծարծումներին: Աշխարհի տարբեր հրեական համայնքներ, դրանց կարեւոր ներկայացուցիչներ, անկեղծ են սկսել խոսել ցեղասպանության մասին: Վերջերս էլ ԱՄՆ-ի հրեական համայնքը միացավ հայկականին` Հայոց ցեղասպանության դատապարտման գործում: Այս ամենը, սակայն կատարվում է ոչ պետական մակարդակով. Իսրայելը, որտեղ չնայած հաճախակի են դարձել ցեղասպանության ճանաչման կոչերը, պետական մակարդակով դեռեւս խուսափողական է տրամադրված: Եվ դա «հասկանալ» կարելի է. Իսրայելին դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ ճշգրտելուՙ «հրաժարվել» Թուրքիայից հանուն «ինչ-որ» ցեղասպանությա՞ն, թե՞ պատմական իրողությունը հերթական անգամ մոռանալու տալ, մանավանդ որ դա կլինի Իսրայելի համար մեկ այլ կարեւոր երկրի` Ադրբեջանի շահերից բխող: Չնայած Բաքուն Թել-Ավիվում չունի դեսպանատուն, իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են: Որպես ապացույց` այժմ Բաքվում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը: Ադրբեջանում նա հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկելու են հարցեր երկկողմ առեւտրաշրջանառության չափերը մեծացնելու, ժամանակակից տեխնիկական շփումները ակտիվացնելու, բժշկության ոլորտում փորձի փոխանակման, փոխլրացման եւ այլ ուղղություններով: Տարբեր լրատվամիջոցներ արդեն նույնիսկ «գտել» են Իսրայելի եւ Ադրբեջանի նմանությունը. երկու երկրներն էլ խնդիրներ ունեն «սեփական տարածքների» հետ կապված: Լիբերմանը Բաքվում խոսելու է նաեւ երկկողմ ռազմական հարաբերությունները խորացնելու մասին, ճիշտ է, այդ կապերը դեռ վաղուց կային. Ադրբեջանը Իսրայելից արդեն ձեռք է բերել տարբեր զենքեր եւ զինամթերք` ավտոմատներ, հրթիռային համակարգեր, առանց օդաչուի թռչող ինքնաթիռներ եւ այլն: Իսկ անցյալ տարվա ամռանը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու կատարած այցի ժամանակ ստորագրվեց երկկողմ պայմանագիր Ադրբեջանում անօդաչու հետախույզ-ինքնաթիռների գործարան կառուցելու մասին: Ինչպես տեղեկացնում էր իսրայելական մամուլը, այդ պայմանագիրը ադրբեջանա-իսրայելական երկարատեւ բանակցությունների արդյունք էր, քանի որ խոսքը ոչ միայն գործարանի կառուցման, այլեւ Ադրբեջանում իսրայելական հետախուզական կենտրոնի ստեղծման մասին էր, որն, իհարկե ուղղված էր Իրանի դեմ: Ի դեպ, այս փաստը բացեիբաց ընդունեց իսրայելցի ռազմական մասնագետ Մենաշե Ամիրը: Այնպես որ, իսրայելա-ադրբեջանական գոնե ռազմական շփումները պատմություն ունեն, իսկ թե որքանո՞վ դրանք կանդրադառնան Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա, որի անբասիրությանն այդքան ձգտում է Բաքուն, կապրենք, կտեսնենք: Իսկ առայժմ իրականությունն այն է, որ Ադրբեջանը վերածվում է կամ վերածվել է հակաիրանական հետախուզական կենտրոնի, որը հազիվ թե օժանդակի տարածաշրջանում խաղաղության վերջնական կայացմանն ու ամրապնդմանը: Իսկ մի՞թե Բաքվում այս ամենը չեն հասկանում: Հասկանում են, իհարկե, սակայն ամենայն հավանականությամբ գնում են «դեպի Իսրայել», հայ-հրեական համայնքների վերջին ժամանակներում հաճախացած համագործակցության մեջ սեպ խրելու համար: Ի դեպ, ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրատ Սադիխովը նշել է, որ հայ-հրեական ակտիվ շփումներին Բաքուն ցանկանում է խոչընդոտել նաեւ սովետական ժամանակներից հետո Իսրայել մեկնած ադրբեջանցիների ջանքերով: Սակայն Սադիխովի հույսերն այնքան էլ իրականանալի չեն թվում, առաջին հերթին այն պատճառով, որ Իսրայել մեկնած ադրբեջանցիները, կամ ադրբեջանցի` ազգությամբ հրեաները, լավ կյանքից չէ, որ լքել են Բաքուն, բացի այդ, նրանցից շատերն ամենեւին էլ համաձայն չեն Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսին: Ինչեւէ, կրկին անդրադառնալով Լիբերմանի այցին Բաքու, նշենք, որ Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որտեղ մասնավորապես ասել է. «Ընդհանուր առմամբ 21-րդ դարը սկսվեց որպես մեծ քանակությամբ հակամարտությունների եւ ահաբեկչությունների սկիզբ: Դրանցից Ղարաբաղի հակամարտությունն անչափ զգայուն թեմա է, որը չպետք է լայնորեն քննարկվի հանրության շրջանում եւ ԶԼՄ-ներում: Մենք, իհարկե, հարգանքով ենք մոտենում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն միջազգային հանրությունն այս հարցերում հաճախ ցուցաբերում է երկերեսանի մոտեցումներ»: Լիբերմանն, իհարկե, չի ասել, թե «երկերեսանի մոտեցում» չէ՞, արդյոք, հրեական Հոլոքոսթի կողքին Հայոց ցեղասպանությունը չտեսնելը: Եվ կամՙ ի՞նչ կասեին այս մասին, օրինակ, Սիրիան եւ Լիբանանը, որոնց «տարածքային ամբողջականությունը» տասնամյակներ շարունակ անտեսում է Իսրայելը, դեռ չխոսելով պաղեստինցիների մասին... Ինչեւէ, ադրբեջանա-իսրայելա-հայկական հարաբերությունները լուրջ իրադարձություններ են խոստանում, մանավանդ, եթե գումարենք այստեղ նաեւ Վաշինգտոնին եւ Անկարային: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: