Tuesday, February 16, 2010

Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը դատապարտում է Հոլոքոսթի, ինչպես նաեւ 1915թ. Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության ժխտումը: Ինչպես ասվում է «Նոր սերունդ» հայ մշակութային ասոցիացիայի PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ, Համայնքների պալատի ձայնի իրավունք ունեցող 495 անդամներից Ցեղասպանության ճանաչման առաջարկի օգտին են քվեարկել 254 խորհրդարանականներ: Համայնքների պալատի թիվ 287 առաջարկության մեջ, մասնավորապես, ասվում է. «Համայնքների պալատը դատապարտում է Հոլոքոսթի, ինչպես նաեւ 1915թ. Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության ժխտումը: Համայնքների պալատը դատապարտում է նման իրադարձությունների հանգեցրած քաղաքականությունը: Մենք կոչ ենք անում խորհրդարանի պատգամավորներին հարգել Հոլոքոսթի, 1915թ. Ցեղասպանության հիշատակի օրը` այդպիսով իսկ ապացուցելով, որ այդ զոհերն ու վայրագ իրադարձություններն երբեք չեն մոռացվի»: «Նոր սերունդ» ասոցիացիայի ներկայացուցիչ Էյլիան Ուիլյամսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան եւ այլ եվրոպական երկրներ պետք է ճանաչեն, որ Թուրքիայի այժմյան սահմանները Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության հետեւանք են: «Թուրքիային ԵՄ թողնելուց առաջ, հարկավոր է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ հայկական եկեղեցիներն ու հողերը առգրավվել են թուրքական կառավարության կողմից 1923թ.` «Առանց տնօրինության մնացած գույքի մասին օրենքով»,-ասել է ասոցիացիայի ներկայացուցիչը: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` բրիտանացի խորհրդարանականները հետեւեցին Ուելսի, Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի օրինակին: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: