Thursday, February 18, 2010

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր տեղի է ունեցել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությանը և ջավախքահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար, որի մասնակիցներն ընդունել են հետեւյալ հայտարարությունը. Վրաստանի հայ փոքրամասնությունը, և հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից. - Հայ բնակչությունը ոչ համաչափ է ներկայացված կամ գրեթե չի ներկայացված իր համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում, - Վրացական իշխանությունները պարտադրում են հայ փոքրամասնությանն իր համախումբ բնակության շրջաններում հանրային գործունեության բոլոր ոլորտներում օգտագործել բացառապես վրացերենը, - Հայերի համախումբ բնակության շրջանների վարչական մարմիններում, կրթա-մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախքահայության գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում: - Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի իրավական կարգավիճակ, և վրացական իշխանությունները չեն վերադարձնում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները: Բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (2007թ.), Եվրախորհրդի Խորհրդակցական Կոմիտեն (2009թ.) հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ Վրաստանի հայ փոքրամասնության առջև ծառացած խնդիրներին՝ վերադարձնել հայկական տաճարները և գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերացնել լեզվի հիմքի վրա խտրականությունը և թույլ տալ հայերի համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում հայերենի օգտագործումը, վերացնել ազգային փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը խոչընդոտող օրենսադրական և գործնական արգելքները: Սակայն վրացական իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հորդորներն ու հանձնարարականները, շարունակում են ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, որը վերջին ժամանակներին ընդունել է հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական ակտիվության ցանկացած դրսևորում արմատախիլ անելու ուղղվածություն. - 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո գնալով ուժեղանում են Վրաստանի ուժային կառույցների կողմից հայաբնակ շրջանների հանրային-քաղաքական կյանքի ուղղորդման երևույթները, - Արգելված է ջավախահայության խնդիրներով զբաղվող մի շարք գործիչների մուտքը Վրաստան: Խոչընդոտներ են հարուցվում անգամ հայալեզու գրականություն ու մամուլ Ջավախք փոխադրելու հարցում: - 2007-09 թվականների ընթացքում վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքը լքեցին տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ (Արթուր Պողոսյան, Գուրգեն Շիրինյան, Արամ Բաթոյան և այլն): Շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, դատական հետապնդումների և հալածանքների ենթարկվելով` իրենց քաղաքական գործունեությունը դադարեցրեցին ջավախքահայ ակտիվիստներ Գրիգոր Մինասյանը ու Սերգեյ Հակոբջանյանը և այլն: Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ, որի արդյունքում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը կանգնել է հայաթափման լուրջ վտանգի առջև: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոխորհուրդ և այլն) ձեռնարկել անհապաղ միջոցներ ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվատանգությունը: Առաջնահերթ ենք համարում՝ 1. Ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը, 2. Հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, 3. Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կարգավիճակի և հայ տաճարների վերադարձման խնդրի լուծումը: Մենք կոչ ենք անում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանության խնդրով մտահոգ Հայաստանի և Սփյուռքի բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներին միահամուռ լծվել ջավախահայության իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված պայքարին, հետամուտ լինել ջավախքահայության՝ իր ապագան հայրենի հողում կառուցելու համար լիարժեք պայմանների ստեղծմանը:

No comments: