Tuesday, February 16, 2010

ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՍԿԶԲՈՒՆՔ

«Լրագիր» 16-2-2010- Փետրվարի 16-ին Երեւանում տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար կանատ Սաուդաբաեւի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեւորգի Պետրոսյանը: Հանդիպումը տեղի է ունեցել “Գոլդեն փելըս” հյուրանոցում: Հանդիպումից հետո Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողներին հարցերին. “Գիտեք, մի կողմից հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, որովհետեւ դա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցելությունն էր տարածաշրջան, մյուս կողմից, իհարկե, յուրաքանչյուր նման այցելություն, հատկապես որ Ղազախստանը նոր է ընդունել նախագահությունը ԵԱՀԿ-ում, եվ բնական եմ համարում, որ կողմերը, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հույսեր է կապում այդ նոր նախագահությունից, եվ մենք մեր հանդիպման ժամանակ այդ ուղղությամբ նաեւ քննարկումներ ենք ունեցել, մեջբերելով մեր հուսերը, կապված Ղազախստանի այդ նախագահության ժամանակաշրջանում կատարվող աշխատանքներից”, նշել է Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը հայտնել է, որ Կանատ Սաուդաբաեւին ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեսակետը: “Գործող նախագահը ուշադիր լսել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեսակետը բանակցային գործընթացի նկատմամբ, եւ այո, ես հնարավորություն եմ ունեցել նաեւ քննարկելու Ադրբեջանի կողմից առաջ քաշված եւ հիմնական քննարկվող թեման դարձած տարածքային ամբողջականությունը: Որպես առաջարկություն, իմ կողմից ներկայացվել է նոր ուղղություն մտցնել բանակցային գործընթացում եւ տարածքային ամբողջականությունից հարցը տեղափոխել միջազգային իրավական հարթության քննարկման: Եվ ես գտնում եմ, որ այդպիսի մոտեցումը հնարավորություն կտա որոշակի արդյունքներ արձանագրել թե բանակցային գործընթացում, եւ նման մոտեցումը հնարավորություն կտա վերջնականապես մոտենալ հարցի խաղաղ կարգավորմանը”, ասում է Բակո Սահակյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շաղկապվածության մասին հարցին, Բակո Սահակյանը նշել է, որ հայ-թուրքական կարգավորումը որեւէ կապ չունի եւ չի էլ կարող կապ ունենալ ԼՂ հիմնախնդրի լուծման հետ: “Այդ մասին խոսում են ոչ թե Հայաստանի քաղաքական գործիչները, այդ մասին հաճախակի իր տեսակետն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահը, եւ նաեւ հատուկ ուղերձում նշել է եւ տվել է բազմաթիվ պարզաբանումներ, թե ինչ է պարունակում իր մեջ հայ-թուրքական հարաբերությունները: Այդ մասին հայտարարություններով հանդես են գալիս այն երկրները, որոնք ներգրավված են այդ հարաբերությունների կարգավորմանը: Բայց այնուհանդերձ, Թուրքիան շարունակում է իր հայտարարությունները եւ անմիջապես կապում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ղարաբաղյան հիմնախդրի լուծման հետ: Իհարկե, հեռանկարում այդպիսի մոտեցումը չի կարող արդարացված լինել: Եվ չգնահատել Հայաստանի ձգտումը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու, եւ միեւնույն ժամանակ այսօր մենք տեսնում ենք ինչպիսին է Թուրքիայի վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ, եւ ինչպես միշտ հայտարարել ենք, այսօր էլ հայտարարում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը որեւէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի լուծման հետ”, հայտարարել է Բակո Սահակյանը: Լրագրողները նաեւ հարցրել են, թե արդյոք ԼՂՀ իշխանությունը ԵԱՀԿ գործող նախագահի հետ խոսել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին: “Մենք նաեւ այդ հարցի շուրջ ենք տեսակետներ հայտնել: Եվ ես Ադրբեջանի ներկայիս կեցվածքը, եւ ոչ միայն ներկայիս, այլ Ադրբեջանի կեցվածքը ԼՂ հիմնախնդրի հետ կապված, որակել եմ որպես ահաբեկչության մի նոր ձեւ եւ մի նոր տեսակ: Եվ վաղուց արդեն միջազգային հանրությունը քաջատեղյակ լինելով Ադրբեջանի այդպիսի կեցվածքի հետ, չի իրականացնում այն միջոցառումները եւ այն քայլերը, որը, ինչու չէ կստիպի նաեւ իրենց մանդատի շրջանակներում, զերծ մնալ Ադրբեջանին այդպիսի ռազմատենչ հայտարարություններից եւ ռազմատենչ քաղաքականությունից: Եվ հույս ունենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը իր լիազորությունների շրջանակներում համապատասխան քայլեր կիրականացնի, եւ Ադրբեջանը կհայտնվի կառուցողական շրջանակներում”, ասում է Բակո Սահակյանը եւ նշում, թե դա միայն ու միայն կնպաստի բանակցային առաջընթացին: Հարցին, թե արդյոք Ղարաբաղի իշխանությունը ծանոթ է մադրիդյան առաջարկների լրացումներին, Բակո Սահակյանը պատասխանել է. “Քանի որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, բնական է պաշտոնական փաստաթուղթ համանախագահների կողմից չի ներկայացվում ԼՂՀ-ին: Բայց դա չի նշանակում, որ մենք տեղյակ չենք այս կամ այն փաստաթղթերի բովանդակությանը, եւ բնական է, որ մենք տեղյակ ենք նաեւ այդ նորացված փաստաթղթի կետերին: Բայց այստեղ նույնպես մենք մշտապես կրկնում ենք այն, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե այդ փաստաթղթերի մշակումը, թե նրանց հետագա քննարկման, եւ թե այդ փաստաթղթերի շրջանակներում այս կամ այն համաձայնության հասնելն անհնարին է առանց Արցախի”:

No comments: