Սերժ Սարգսյան. «ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»
«ԱԶԳ», 10-02-2010 - Հայաստանի նախագահի Մեծ Բրիտանիա այցելությունն այնպիսի մի սոուսով է մատուցվում, որ դժվար է անտարբեր լինել այդ իրադարձության հանդեպ: Հայաստանի նման երկրի համար թերեւս իսկապես նշանակալի է նախագահի այցելությունը, թեկուզ աշխատանքային, Մեծ Բրիտանիա, այն դեպքում, երբ այդ երկրի դերակատարությունը Հարավային Կովկասում տասնյակ տարիների պատմություն ունի, ընդ որում` ընդգծված բրիտանա-արբեջանական համագործակցության տեսքով:
Հասկանալի է, որ նավթային շահերով ու էներգետիկ ոլորտում համագործակցությամբ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան գործակցությունը համադրելի չէ այն մակարդակի հետ, ինչով բնութագրվում են հայ-բրիտանական հարաբերությունները: Սակայն այդ համագործակցության ֆոնին հատկապես առաձնահատուկ է ստացվում Հայաստանի նախագահի այցելությունը Բրիտանիա:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան մեկնեց Լոնդոն: Մեր Բրիտանիա կատարելիք եռօրյա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահին ուղեկցում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Նախապես հայտարարված ծրագրի համաձայն, երեկ երեկոյան Հայաստանի նախագահը պետք է այցելեր Լոնդոնի ժամանակակից արվեստի «Թեյթ» թանգարան` մասնակցելու աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին եւ ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը: Այնուհետեւ նախատեսված էր Սերժ Սարգսյանի ընթրիքը թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, ապա նաեւՙ մասնավոր այցեր:
«Ազգը» նախապես տեղեկացրել էր նախագահի այցելության օրակարգը: Նշենք միայն, որ այցի երկրորդ օրը, այսինքնՙ այսօր, նախագահը Բուկինգհեմյան պալատում կհանդիպի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի, արտգործնախարար Դեւիդ Միլիբենդի եւ թագաժառանգ Չարլզի հետ: Վինձորյան պալատում Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդունելությանը եւ համերգին, որոնք էլ կազդարարեն «Երեւան իմ սեր» նախագծի մեկնարկը: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Սփյուռքի հայ տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ:
Դեռեւս անցյալ տարվա հուլիսի 15-ին Բուկինգհեմյան պալատում Էլիզաբեթ Երկրորդն ընդունում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա տիկնոջը` ոչ թե աշխատանքային, այլ պաշտոնական այցի շրջանակներում, որը մեկնարկել էր դեռեւս հուլիսի 12-ին: Իսկ որ Ադրբեջանի նախագահին ու տիկնոջը ճաշով պատվել է նաեւ հերցոգ, Յորքի արքայազն Էնդրյուն, բնավ էլ զարմանալի չէ, քանի որ հերցոգն ու Ադրբեջանի «թագավորը» միջազգային գրեթե բոլոր համատեղ ճամփորդությունների ընթացքում հանդիպում են:
Բնականաբար, տարբեր էին նաեւ ադրբեջանա-բրիտանական հանդիպումների օրակարգն ու նշանակությունը, ինչպես նաեւ դերակատարությունը: Սակայն գրեթե բոլոր մակարդակի հանդիպումներում, ինչպես եւ սպասելի է, քննարկման առաջին թեման եղել ու մնում է էներգետիկ համագործակցությունը, որի ցայտուն դրսեւորումը «Բրիթիշ պետրոլեում» ընկերության գործունեությունն է Ադրբեջանում ու ադրբեջանական գազ-նավթի արտահանման ոլորտում:
Ուղերձ Թուրքիայի նախագահին` երկնքից
«Ուղեւորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ եւ հարեւան Թուրքիայի ժողովրդին», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` Լոնդոն մեկնելիս: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում ասված է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում:
«Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները», ասել է Սերժ Սարգսյանը:
Օրերս Մյունխեն այցելությունից վերադարձող Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարությունների ֆոնին, թե Թուրքիան ճնշումներից չի վախենում, որպիսին դիտարկում է ԱՄՆ Կոնգրեսում հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւի նախագծի շրջանառությունը, նախագահ Սարգսյանի ուղերձը յուրօրինակ պատասխան է` ակնկալիքով, թե Թուրքիան, ի վերջո, հետեւողական կլինի ստորագրված Արձանագրությունների հետագա ճակատագրին:
Նախագահն ուղերձում նշում է. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»:
Հայաստանի նախագահի խոսքով, եթե մինչ այս հաջողվել է «երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջեւ բնականոն հարաբերությունների կառուցման ապագան», ապա «այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»:
Հ. Գ. - Ի դեպ, Սերժ Սարգսյանի «օդային» ուղերձը, որը որոշ լրատվամիջոցներ երեկ ձեռք առնելու առիթի վերածեցին տգիտորեն, ընդունված պրակտիկա է միջազգային հարաբերություններում: Իրանի առաջնորդները, օրինակ, Հայաստանի օդային տարածքով անցնելիս, հաճախ են ուղերձներ հղել Հայաստանի նախագահին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Wednesday, February 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment