Thursday, February 18, 2010

Անկարան եւ Երուսաղեմը համակարգում են իրենց գործողությունները Կովկասի իրավիճակի արդիական հարցերի վերաբերյալ

/PanARMENIAN.Net/ 18.02.2010 - Չնայած իսրայելա-թուրքական հարաբերություններում շարունակվող ճգնաժամին, Անկարան եւ Երուսաղեմը պահպանում են իրենց համակարգումը Կովկասի իրավիճակի արդիական հարցերի վերաբերյալ: Փետրվարի 16-ին տվյալ թեմայով Անկարայում երկու երկրների միջեւ տեղի ունեցան բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչների խորհրդատվություններ: Այդ նպատակով աշխատանքային այցով Անկարա այցելեց Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Պինհաս Ավիվին: Նա գլխավորում է Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի դեպարտամենտը: Ավիվին դիվանագիտական վարչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացրել է խորհրդատվություններ: Նա հաղորդել է, որ թուրք պաշտոնակիցների հետ քննարկել է «երրորդ երկրներում» փոխազդեցության հարցերը: Հատուկ ուշադրություն դարձվեց Հարավային Կովկասին: Ավիվիի խոսքերով, նրա զրուցակիցները հաստատեցին, որ Թուրքիան Ադրբեջանի «մտերիմ ընկերn է» մնում, սակայն մտադիր է պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, ընդ որում չմոռանալով Ղարաբաղում ադրբեջանցիների իրավունքի պաշտպանության մասին: Պատասխանելով IzRus պորտալի հարցին` խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեվա Էլկինի այն հայտարարության վերաբերյալ թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Իսրայելի նախաձեռնությունը դուրս չի եկել օրակարգից եւ շուտով կքննարկվի Քնեսսեթում, Ավիվին հայտարարել է. «Մեր պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է` այդ հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Թուրքիայի կողմից, եւ ոչ թե մեր մասնակցությամբ: Առավել եւս, որ կողմերը սկսել են բանակցել իրար հետ: Մենք դեմ ենք նրան, որպեսզի երրորդ կողմը միջամտի նրանց միջեւ տեղի ունեցող բանակցություններին»: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: