Tuesday, February 9, 2010

Անկարայի ժամանակակից քաղաքականությունը նախանցյալ հարյուրամյակի մեթոդներն է հիշեցնում

/PanARMENIAN.Net/ 08.02.2010 - Վերջերս հայ-թուրքական բանակցային գործընթացի առնչությամբ հնչող թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ապակառուցողական բնույթ են կրում: Այդ մասին հայտնեց Կիեւի միջազգային համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատուրյանը` մեկնաբանելով թուրքական կառավարության վերջին արտահայտությունները: Նրա խոսքով, Անկարայի ժամանակակից քաղաքականությունը նախանցյալ հարյուրամյակի մեթոդներն է հիշեցնում, որոնք բացարձակապես չեն ներգծվում նոր աշխարհի միջազգային հարաբերությունների պատկերացումների մեջ: «Բանակցային գործընթացի վրա ազդելու` Թուրքիայի պարբերական փորձերը վկայում են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու համար ռացիոնալության եւ քաղաքական կամքի բացակայության մասին»,- նշեց Խաչատուրյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments: