Saturday, February 13, 2010

Շներին հեռացրել են հայկական եկեղեցուց, մնում է աղբը մաքրեն

Panorama.am. 13-2-2010- Թբիլիսիում գտնվող հայկական սուրբ Նշան եկեղեցու միջից շները դուրս են բերվել և մինչև այս շաբաթվա վերջ պետք է աղբից մաքրվի եկեղեցու ներսն ու դրա շրջակայքը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ վերջերս «Բազմազգ Վրաստան»-ի մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել Թբիլիսիի հին հայկական Սուրբ Նշան եկեղեցու մոտ` բողոքելով հայկական հուշարձանների հանդեպ վրացական իշխանությունների ցուցաբերած անտարբերության դեմ: «Հիմա նման բան չկա, այդ եկեղեցին մի քանի տարի առաջ վառել էին, շնանոց էր ներսում` շուրջ 20 շուն էր ապրում: Երբ մենք հարցը բարձրացրինք, բողոքի ակցիա էինք կազմակերպել, դրանից հետո շներին դուրս տարան և Թբիլիսիի քաղաքապետարանից խոստացան եկեղեցու շրջակայքի աղբը մաքրել մինչև այս շաբաթվա վերջ», - տեղեկացրեց Ստեփանյանը: Վերջինս Panorama.am-ին նաև ասաց, որ Վրաստանի մշակույթի նախարարությանը դիմում-նամակ է գրել` պահանջելով վերանորոգել եկեղեցին, որպեսզի չքանդվի: «Քանի որ դա հայկական հուշարձան է, պահանջել ենք նաև այնպես անել, որ այդ հուշարձանը պահպանվի մինչև հայ և վրաց եկեղեցիները պայմանավորվեն` այդ եկեղեցին գործող կլինի՞, թե՞ ոչ», -հավելեց Առնոլդ Ստեփանյանը: Վրաստանում գործող այս և մյուս հայկական կազմակերպությունները, որոնք մտահոգ են այդ երկրում գտնվող հայկական եկեղեցիների ճակատագրով, սպասում են որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը այցելի Թբիլիսի: Ստեփանյանի խոսքով, կաթողիկոսի այցելության ժամանակ Վրաց հոգևոր առաջնորդին կուղղվեն բազում հարցեր և կբարձրացվի նաև Վրաստանում հայկական եկեղեցում իրավական կարգավիճակ շնորհելու հարցը: «Մենք մեծ հույսեր ունենք Կաթողիկոսի այցելությունից», -նկատեց վրացահայը` ընդգծելով, որ հակառակ տարածված կարծիքի` վրացական եկեղեցին հանդուրժողական չէ հայկական եկեղեցիների նկատմամբ:

No comments: