Friday, February 19, 2010

Le Monde. Երեւանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման հույսն արդեն հօդս է ցնդել

/PanARMENIAN.Net/ 18.02.2010 - Չորս ամիս է անցել Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման պահից, իսկ երկու հարեւանների հարաբերությունների կարգավորման հույսն արդեն հօդս է ցնդել: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը: Հոդվածի հեղինակը մեջբերում է թուրք փորձագետ Այբարս Գորջուլուի խոսքերը, վերջինս նշում է, որ Արձանագրությունների ստորագրումից հետո առկա էյֆորիան անցել է, եւ բանակցությունները «փոխադարձ հիասթափությունների» փուլ են թեւակոխել: «Արդեն 16 տարի շարունակ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանում հաշտությանը, Երեւանում ու Բաքվում կրքերի բորբոքումը չի նվազում, իսկ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները մեռյալ կետից չեն տեղաշարժվում»,- արձանագրում է թերթը: Հեղինակի կարծիքով, նահանջելով Թուրքիան ցույց է տալիս իր կախվածությունը Բաքվից: «Հայաստանի հետ սիրաբանելու մտադրությամբ թուրք մեծ եղբոր նախաձեռնությունները ստվեր նետեցին նրանց գործընկերության վրա: Ադրբեջանում արդեն 20 տարի իշխող Ալիեւների գերդաստանի օգտին ծանրակշիռ փաստարկ են նավթի եւ գազի կասպիական հարուստ հանքավայրերը»,- գրում է թերթը: Le Monde-ը նշում է, որ Հայաստանում գնալով ավելի զգուշավոր կերպով են վերաբերվում հաշտեցման գործընթացին` լրջորեն կասկածելով Թուրքիայի անկեղծության հարցում: Թերթը հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը հավանություն տվեց Արձանագրություններին, նշեց, որ դրանք չեն կարող հակասել Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու անհրաժեշտության» մասին: «Դժվար թե հաջողվի խուսափել ցեղասպանության թեմայից, եթե Անկարան անկեղծորեն ցանկանում է հաշտվել հարեւանի հետ: Իսկ առայժմ Թուրքիան կգերադասեր, որպեսզի Հայաստանը չափավորեր իր պահանջները: Անկարան անհանգստացած է ԱՄՆ-ում հայ համայնքի կողմից կազմակերպված լոբբիացմամբ եւ ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության փաստի հնարավոր ճանաչմամբ»,- ընդգծում է Le Monde-ը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:

No comments: