Wednesday, February 17, 2010

Ժամանակն է Երևանին լուրջ վերաբերվել. Referans

Tert.am. 17-2-2010- Թուրքական Referans օրաթերթը, անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վաշինգտոնյան ելույթին, գրում է, որ հայ պաշտոնյայի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հնչեցրած տեսակետները ճիշտ են։ «Թող ոչ ոք չզայրանա, բայց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն իրավացի է։ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) արած նրա հայտարարությունները շատ ճիշտ են։ Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված Արձանագրությունները ժամանակացույց ունեն և այդ ժամանակացույցը մեծամասամբ կապված է ապրիլի 24-ի հետ»,- գրում է թուրքական պարբերականը՝ նշելով, որ եթե Թուրքիան չհամաձայներ կարգավորման գործընթաց սկսել Հայաստանի հետ, ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը բոլորովին այլ բովանդակություն էր ունենալու։ «Եթե Թուրքիան որևէ քայլ չկատարեր այդ ուղղությամբ, Օբաման, որը նախագահական ընտրություններից առաջ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 2009թ. ապրիլի 24-ին ստիպված էր լինելու այլ բաներ ասել, ինչն էլ լարվածություն կմտցներ երկկողմ հարաբերություններում։ Հիմա էլ նման մի ժամանակացույց կա։ Թուրքիայի արտգործնախարարության անանուն աղբյուրներն ինչ էլ հայտարարեն թերթերին, մեկ է՝ 2010թ. 1915-ի իրադարձությունների 95-րդ տարելիցն է, և հնարավոր է՝ ամեն բան էլ լինի և ասվի»,- գրում է Referans-ը՝ նշելով, որ եթե նույնիսկ Վաշինգտոնը 1915թ. իրադարձություններին չտա «ցեղասպանություն» որակումը, միևնույն է, թուրք-ամերիկյան հարաբերություններում բարդություններ առաջ կգան հայ-թուրքական Արձանագրությունների հարցում առաջընթաց չապահովելու դեպքում։ Անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը` թերթը նշում է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում իր ձեռքից բաց թողնել հաղթաթուղթը։ «Թուրքիայի իշխանություններն ի սկզբանե գիտեին այն ռիսկերի մասին, որ կարող էին առաջ գալ մերձեցման գործընթացի արդյունքում։ Չէր կարելի ենթադրել, թե Թուրքիային տարիներով գերի պահող Ադրբեջանը հաշտվելու էր իր ճակատագրի հետ»։ Referans-ը գրում է նաև, որ պետք չէ հայկական կողմի՝ գործընթացը չգձգելու հետ կապված հորդորներն ընկալել որպես շանտաժ, այլ պետք է լուրջ ընդունել Երևանի հայտարարությունները: «Երևանն ամենևին էլ շանտաժ չի անում, երբ հայտարարում է, թե «եկեք չձգձգենք գործընթացը»: Օգտակար կլինի մի քիչ լրջությամբ ընդունել նրանց հայտարարությունները: Ժամանակն է եկել հրաժարվելու Երևանին որպես թշնամի դիտելու վատ սովորությունից»,- գրում է պարբերականը` կոչ անելով թուրքական կողմին որպես պատրվակ չօգտագործել Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումը: «Եկեք որպես պատրվակ չօգտագործենք ՀՀ ՍԴ որոշումը: Դատարանը, ինչպես և մերը, կարող է միջամտել քաղաքականությանը, կարող է խախտել իր լիազորությունների սահմանը: Սակայն դա նրանց խնդիրն է: Թողնենք, որ իրենք մտածեն իրենց անելիքների մասին: Վերջիվերջո, հարաբերությունները կարգավորում են ոչ թե սահմանադրական դատարանները, այլ իշխանությունները»,- եզրափակում է Referans-ը:

No comments: