«Լրագիր» 5-3-2010- Շատ փորձագետներ հավաստիացնում են, որ 252 բանաձեւը քիչ շանս ունի ընդունվելու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից: Եվ եթե Կոնգրեսն այդուհանդերձ բանաձեւը դնի քվեարկության եւ այն մերժվի, ապա դա մեծ բարոյական հարված կլինի հայությանը: Դա կնաշանակի, որ ԱՄՆ ոչ միայն հրաժարվել է քննարկել այդ հարցը, այլ մերժել է ճանաչել ցեղասպանության փաստը: Հայկական կազմակերպություններին թերեւս պետք է պարզել, թե ինչքան է Կոնգրեսում բանաձեւի ընդունման հավանականությունը, իսկ վստահ չլինելու դեպքում թերեւս հարկ է կանխել քվեարկությունը , որպեսզի հարցը հանեն օրակարգից:
Ցեղասպանության ճանաչման գործընթացը տեղի է ունենում անհասկանալի հարթության վրա: Իրավական տեսանկյունից, պատասխանողի դերում հանդես է գալիս Թուրքիա պետությունը, որն անում է ամեն ինչ, որպեսզի ցեղասպանությունը չճանաչվի, որովհետեւ վախենում է տարածքային պահանջներից: Հայցվորի դեպքում անհասկանալի է, թե ով է հանդես գալիս` ոչ այն է Հայաստանի Հանրապետությունը, ոչ այն է հայկական լոբբին, ոչ այն է ԱՄՆ Կոնգրեսը, ոչ այն է “բարի կամքի մարդիկ”:
Բացի այդ, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի կողմնակիցներն առաջ են բերում բացառապես բարոյական փաստարկներ, ինչպես օրինակ` ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, ԱՄՆ-ին պետք է ապացուցել, որ նա հանդիսանում է համամարդկային արժեքների հետեւորդ: Բանաձեւի հակառակորդները բերում են միայն քաղաքական փաստարկներ` Թուրքիայի օգնությունը Իրաքում եւ Աֆղանստանում, հայ-թուրքական գործընթացը, եւ այլն: Ոչ ոք, ոչ մի կոնգրեսական կասկածի տակ չառավ ցեղասպանության փաստը: Այսինքն, բարոյական առումով, ցեղասպանության փաստը, ըստ էության, ճանաչված է:
Ընդ որում, Կոնգրեսի քվեարկության օրը թուրքական խորհրդարանը հանկարծ որոշեց վավերացնել Նաբուկկո գազամուղի մասին համաձայնագիրը, որն արդեն վաղուց է գտնվում խորհրդարանում: Նույնպես անհասկանալի փաստարկ է:
Պաշտոնական եւ կենցաղային մակարդակում հայերը պնդում են, որ ցեղասպանությունը չպիտի դառնա առեւտրի առարկա, քաղաքական սպեկուլյացիաների առարկա: Բայց ամբողջ այս գործընթացը հիշեցնում է ամենաիսկական քաղաքական առեւտուր:
Saturday, March 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment