Tuesday, March 23, 2010

ՀՀ սփյուռքի նախարարը Սիրիայից կմեկնի Լիբանան

/PanARMENIAN.Net/ 22.03.2010 - Մարտի 22-24-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կլինի Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը շրջանակներում կհանդիպի Դամասկոսի, Հալեպի եւ Դեյր Զորի հայ համայնքների ներկայացուցիչների հետ եւ մարտի 25-29-ը կայցելի Լիբանան: Սկզբում նախատեսվում է այցելություն Այնջար, հանդիպումներ քաղաքապետ Սեպուհ Սքայանի, մանկավարժների, տարբեր կառույցների ղեկավարների հետ, այցելություններ դպրոցներ եւ ակումբներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, մարտի 26-ին նախարարաը կհանդիպի Լիբանանի ԱԳ եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի, Հայ ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիների ղեկավարների, Հայկազյան համալսարանի ուսանողության, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, պատգամավորների եւ համայնքային առաջնորդների հետ: Նախատեսված են նաեւ այցեր հայկական պարբերականների խմբագրություններ: Այցելության վերջին օրը Հրանուշ Հակոբյանը կայցելի հայկական դպրոցներ եւ մանկատուն, նախանշված են նագեւ հանդիպումներ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի, Լիբանանի Օգնության Խաչ կազմակերպության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի ղեկավարության հետ: Հնարավոր է նաեւ նախարարի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Սալիմ Վարդեհի հետ:

No comments: