Monday, March 22, 2010

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՏԹԱՐԱՆԱԼՈւ ՏԵՂ ԴԵՌ ՈւՆԵՆ

Հետազոտական աշխատանքը մի կողմից տանջալի է, մյուս կողմից` հաճելի: Տանջալի է, քանի որ խճճվում ես պատմական դեպքերի ու դեմքերի լաբիրինթոսում, բայց հաճելի է, քանի որ կարողանում ես պատմությունը տեսնել ընթացքի մեջ: Արդեն մի քանի տարի է` ես աշխատում եմ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» վերնագրով գրքի վրա, որը հավանաբար կհրատարակվի հաջորդ տարի: Բայց ինչո՞ւ եմ այս մասին գրում: Երբ դու օր օրի հետևում և ուսումնասիրում ես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունը սկսած 1990 թվականից` տեսնում ես, որ արդեն քսան տարի (անշուշտ, դրանից առաջ էլ) Անկարան Երևանի հանդեպ վարում է նույն քաղաքականությունը: Այդ քսան տարիների դիվանագիտական հարաբերությունների (թեկուզ գոյություն չունեցող) պատմությունը ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե ով է Թուրքիայում իշխանության և կարևոր չէ, թե ով է Հայաստանում իշխանության: Թուրքիան, որը ժամանակին Հայաստանը համարում էր «անիծյալ սեպ», Հայաստանի նկատմամբ վարում է անփոփոխ թշնամական քաղաքականություն: Հայաստանի 1991 թվականի անկախությունից ի վեր Թուրքիայում եղել 13 կառավարություն, և բոլորն էլ Հայաստանի հետ հարաբերություններում սկզբունքային հարցերում չեն շեղվում հակահայկական հունից: Երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, թուրքական մամուլը ամիսներ շարունակ գրում էր, թե պետք էր նրա նախագահության տարիներին հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Երբ 1998թ. աշնանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց Հայոց ցեղասպանության մասին, Հայաստանն իր արտաքին քաղաքականության օրակարգ բերեց այդ հարցը, թուրքերն սկսեցին ավելի շատ հիշել Տեր-Պետրոսյանին: Եկեք մի պահ իրոք ընդունենք (թեև դա ես չեմ ընդունում և սա արդեն ասում եմ որպես հետազոտող), որ Տեր-Պետրոսյանը կարևորություն չէր տալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, պատրաստ էր ճանաչել Կարսի 1921թ. պայմանագիրը: Եթե իրավամբ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր բավարարել թուրքական նախապայմանները, ինչպես ժամանակին շատ հայեր էին պնդում, ապա ի նչո՞ւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց Հայաստանի հետ: Կասեք Լեռնային Ղարաբաղի հարց կար: Ոչ, չկար: Այդպիսի հարց գոնե Անկարայի համար չկար մինչև 1993 թ. ապրիլ, երբ Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը, ինչը շարունակվում է մինչև այսօր: 1991թ. վերջերից, ամբողջ 1992թ. ընթացքում և 1993թ. առաջին երեք ամիսներին Անկարան կարող էր հարաբերություններ հաստատել Երևանի հետ, երբ չկար, թուրքերի խոսքերով` «ադրբեջանական շրջանների զավթում»: Պատասխանը շատ պարզ է. Թուրքիան այդ շրջանում Հայաստանի առաջին նախագահից ուզում էր այն, ինչը չստացավ ոչ Տեր-Պետրոսյանից, և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանից, ստացավ միայն Հայաստանի երրորդ նախագահից, այսինքն` 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի զույգ արձանագրություններով Հայաստանի գործող իշխանությունները ճանաչել են Կարսի պայմանագրով (առանց Կարս անունը նշելու) գծված հայ-թուրքական սահմանները, ինչպես նաև` համաձայնություն տվել 1915 թվականի ուսումնասիրությունը հանձնել հայ, թուրք և օտարազգի պատմաբանների քննարկմանը: Այսպիսով, եթե Թուրքիան այդքան շատ էր ընդունելի համարում Տեր-Պետրոսյանին, բայց այլևս ուշ էր, ապա նույն Թուրքիան կարող է չէ՞, իր չիրականացված երազանքը կյանքի կոչել Հայաստանի երրորդ նախագահի հետ: Բայց կրկնեմ` Թուրքիայի համար կարևոր են ոչ թե անձերը, այլ իր շահերը: Այդ շահերն այսօր, ինչպես վերջին 20 տարիներին և դրանից առաջ էլ, ենթադրում է Հայաստանի հանդեպ մի քաղաքականություն, որը այլ ձևով, քան թշնամական, չես համարի: Երբ Հայաստանը նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», որոշ հայ գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ կարծիք հայտնեցին, որ պետք է չէ ջուրը չտեսած բոբկանալ, պետք չէ հավատալ թուրքերի հավաստիացումներին: Ավելին, մեզանից ոմանք չէինք բացառում, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները կարող են ավելի վատթարանալ: Մեր ընդդիմախոսները քմծիծաղով հարցնում էին` իսկ վատթարանալու տեղ կա՞: Այսօր եկել է օրը ասելու, որ այո՛, կա: Թուրքիան արդեն երկու տասնամյակ Հայաստանի հանդեպ վարվող թշնամական քաղաքականությանը կարող է ավելացնել նոր կետեր: Օրինակ, կարող է, չէ՞, փակել Հայաստանի օդային սահմանը: Ի վերջո, 1993-1995 թթ. այդ սահմանը` H-50 օդային միջանցքը, փակ էր, և հայկական օդանավերը ստիպված էին լինում շրջանցել թուրքական օդային սահմանը: Այսինքն` Թուրքիան մոտ երկու տարի Հայաստանը շրջափակման տակ էր պահում նաև օդից: Նույնը կարող է անել նաև այսօր: Անշուշտ, միջազգային հանրությունը կդատապարտի, բայց ամեն ինչ շուտ կմոռացվի: Հիմա ո՞ վ է հիշում, նկատի ունեմ խոշոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որ Հայաստանը արդեն 17 տարի ապօրինի շրջափակման մեջ է: Էլ ի՞ նչ թշնամական քայլեր կարող է ավելացնել Թուրքիան: Կարող է, չէ՞, Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր չտալ: Հիմա գուցե ասեք` ավելի լավ, թող չտա, հայերը այլևս չեն գնա Անթալիա: Բայց ինքնին մուտքի արտոնագիր չտրամադրելը կամ այդ գործընթացը բարդացնելը ևս թշնամական քայլ է: Ի վերջո, կարող է, չէ՞, իր երկրից արտաքսել հայաստանցիներին, որոնք հիմնականում չարքաշ աշխատանք են կատարում այդ երկրում: Այդ մասին մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց, ընդ որում` սպառանց Լոնդոնից. երկրից արտաքսել 100 հազար (այս թիվը մոտ 8-10 անգամ ուռճացված է) հայաստանցիներին: Երբ ժամանակին քննադատում էինք Հայաստանի գործող իշխանությունների թուրքական քաղաքականությունը, մեզ մեղադրում էին նրանում, որ մենք մեր վերլուծություններում հենվում ենք թուրք պաշտոնյաների հայտարարությունների վրա: Երբ քննադատում էինք պարոն Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, որ հայ մարդու համար անթույլատրելի է թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներում այդքան լայն ժպտալ, այդքան ջերմ սեղմել նրանց ձեռքը, մեզ ասում էին, որ նախանձում ենք ու նաև չկամ ենք: Մենք հասկանում ենք, որ դիվանագիտությունը ենթադրում է նաև ժպիտներ, բայց խնդրեմ, բացեք և տեսեք, թե ինչպես էին Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանց արտգործնախարարները ժպտում իրենց թուրք գործընկերների հետ հանդիպումներում` տեսախցիկների առաջ: Երբ Բուրսա քաղաքում` պատասխան ֆուտբոլային հանդիպումից հետո պարոն Նալբանդյանը հիացած հայ ու թուրք լրագրողներին ասում էր, թե նախագահ Սարգսյանին այնքան լավ են Թուրքիայում ընդունել, որ անգամ Աբդուլլահ Գյուլի կինն է նրա համար կերակուր պատրաստել (իրականում Գյուլի կինը միայն ճաշացանկն էր ընտրել, իսկ Նալբանդյանը ճոխացրած էր ներկայացնում), մենք ասում էին, որ պետք չէ այդքան «ստամոքսային» մակարդակի հասնել: Մեզ մեղադրում էին նրանում, թե մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը: Այսօր, նախաձեռնողական քաղաքականությունից մոտ երկու տարի անց, Հայաստանի ղեկավարությունը կարծես գիտակցում է, որ Թուրքիան չի վերանայելու իր հայկական (կարդալ` հակահայկական) քաղաքականությունը: Արժե՞ր ֆուտբոլի համար նման գին վճարել: ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ

No comments: