Saturday, March 6, 2010

ԱՄՆ-ն չի ցանկանում վնասել հայ-թուրքական հարաբերություններին

Aysor.am. 6-3-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է Կոնգրեսի առաջնորդներին, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է բարդացնել Հայաստանի և Թուրքիայի միջև առանց այդ էլ փխրուն հարաբերությունները: Այս մասին հաղորդում է ՌԲԿ.ռու-ն` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությանը: Աղբյուրը նշում է, որ այդպիսով, ամենայն հավանականությամբ, այս բարդ հարցին վերաբերող բանաձևը չի ընդունվի: Բացի այդ, ըստ աղբյուրի, Վաշինգտոնը մտավախություններ ունի, որ բանաձևի ընդունումը կարող է կտրուկ վատթարացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Մինչ այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և աջակցում է ԱՄՆ-ին` Աֆղանստանում և Իարքում անցկացվող գործողություններում: Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը: 1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ: Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:

No comments: