Panorama.am. 22-3-2010- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը կուսակցական համաժողովի ժամանակ, հանդես գալով երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի գնահատմամբ, նշել է, որ Թուրքիայի դրությունը խիստ մտահոգող է: Այս մասին գրում է «Ջումհուրիյեթը» (Cumhuriyet):
Այսպես, ըստ Օյմենի, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության անհեռատես ու ապաշնորհ կառավարման հետևանքով Թուրքիան կանգնել է հետևյալ իրողությունների առջև. 2.5 միլիոն հողագործներ այլևս լքել են գյուղատնտեսության ոլորտը, գործազրկությունը շարունակաբար աճելով հասել է 4 միլիոնի, քաղաքացիների մի զգալի մասը, չկարողանալով մարել վարկային պարտքերը, սննկանում է:
«Կառավարություն անհաջող քաղաքականության հետևանքով, տնտեսական ճգնաժամ ապրած երկրներում անգամ գործազրկության մասշատբներն այդչափ չեն»,- նկատել է տվել Օյմենն ու հավելել, որ Թուրքիայում անգրագետ է շուրջ 3 մլն 200 հազար կին, բարձրագույն կրթություն չունի 6 մլն 900 կին, միջազգային հետազոտական տվյալներով, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ցուցանիշով աշխարհի պետությունների շարքում Թուրքիան զբաղեցնում է 129-րդ, իսկ մամուլի ազատության ցուցանիշով` 106-րդ տեղը:
«Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ցուցանիշով կազմված այդ վարկանիշային աղյուսակում Թուրքիային նախորդում է Սաուդյան Արաբիան, հաջորդում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Նայեք մեր հանգրվանած կետին: Դեռ մի բան էլ ասում եք` Եվրամիություն ենք մտնելու: Մի հարցնող լինի` այդ ի°նչ երեսով»,- ըստ «Ջումհուրիյեթ» թերթի, դժգոհել է ընդդիմադիր գործիչը:
Դատաիրավական համակարգի անկախությամբ էլ Թուրքիան աշխարհի պետությունների շարքում 64-րդն է: Օյմենը մատնանշել է, որ նույնիսկ աֆրիկյան որոշ երկրներում դատաիրավական համակարգն առավել անկախ է, քան հենց Թուրքիայում:
«Աթաթուրքը մեզ ի՞նչ էր ասում: Դուրս ենք գալու դեպի ժամանակակից քաղաքակրություն:
Իսկ ի՞նչ կա այնտեղ. ժողովրդավարություն, դատական անկախ համակարգ, մամուլի ազատություն, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, աշխարհիկություն և այլն: Այս բոլոր ասպարեզնում դուք Թուրքիային հետ եք մղել: Ձեր անունն է «Արդարություն և զարգացում կուսակցություն», բայց ձեր շնորհիվ Թուրքիայում ոչ արդարություն, ոչ էլ զարգացում մնաց»,- իր այս խոսքերը հասցեագրելով վարչապետ Էրդողանի գլխավորած կուսակցությանը` ասել է Օնուր Օյմենը:
Monday, March 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment