Saturday, April 24, 2010

Այսօր հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - 24 ապրիլի 2010 - Այսօր հայ ժողովուրդը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցը: 1915թ. ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը, որտեղ գլխավոր դեր է խաղացել Թալիաթ փաշա, Էնվեր փաշա և Ջեմալ փաշա եռյակը, հրամայեց Կոստանդնուպոլսում հավաքել ողջ հայ մտավորականությանը և արտաքսել: Մայրաքաղաքում ձերբակալվեց 250 մարդ, մեկ շաբաթվա ընթացքում` ավելի քան 800 մարդ: Մեծամասնությունն ավելի ուշ սպանվեց բանտերում և աքսորի ճանապարհին: Հայոց ցեղասպանության պաշտոնական սկիզբը համարվում է 1915թ. ապրիլի 24-ը, սակայն հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռևս սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք 1894-1897թթ.: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է մեկուկես միլիոնից մինչև երկու միլիոն հայ: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:

No comments: