Saturday, April 24, 2010

Ջեմալ փաշայի թոռը կոչ է անում ոգեկոչել 1915թ. զոհված հայերի հիշատակը

Tert.am. 24-4-2010- Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, Milliyet օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրականացնողներից մեկի՝ այն ժամանակվա ռազմածովային ուժերի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը համարվող Ջեմալ փաշայի թոռն է, այսօր հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կիսում եմ հայերի` ապրիլի 24-ի ցավը» խորագրով հոդվածով: «Այսօր ապրիլի 24-ն է: 1915թ. ապրիլի 24-ը Օսմանյան պետության խայտառակ էջերից է, որը գրվեց «Իթթիհաթ վե Թերաքքիի» կողմից: Անատոլիայում հարյուրամյակներով ապրող և ստեղծագործող օսմանցի հայերը մեծ տառապանքներ տեսան այն հողերում, որտեղ ապրում էին, մեծ ցավեր տեսան իրենց իսկ պետության մեջ. նրանց արմատախիլ արեցին, կոտորեցին, և փորձեցին նրանց հետքն իսպառ ջնջել: Պատմության այս էջերը ոմանք որպես տեղահանություն, ոմանք՝ ողբերգություն, ոմանք՝ Ցեղասպանություն, ոմանք էլ՝ Մեծ աղետ են բնորոշում: Սակայն դա հնարավոր չէ հերքել»,- գրում է Հասան Ջեմալը` ընդգծելով, որ Օսմանյան պետության կողմից 1915-ից սկսված հարյուրհազարավոր հայերի կոտորածն ու մարդկության դեմ գործած հանցանքը ժխտելը նշանակում է դառնալ այդ հրեշավոր և սահմռկեցուցիչ արարքի հանցակիցը: «Իմ ականջին հիմա ձայներ են հասնում` մի՞թե թուրքերը, մահմեդականներն ամենևին էլ ցավեր չեն տեսել, մի՞թե արմատախիլ չեն արվել Բալկաններում, Կովկասում, մի՞թե զանգվածային գաղթի չեն ենթարկվել, մի՞թե նրանց հետքերը չեն ջնջվել: Բնականաբար, ցավեր տեսել են: Անատոլիայում և՛ թուրքերը, և՛ քրդերը, և՛ ալևիները պատմության խորքերից մինչև մեր օրերը հասնող ցավեր տեսել են: Բացի այդ, այդ ո՞ր պետության, ո՞ր ազգի պատմությունն է կազմված բացառապես գեղեցիկ էջերից: Սակայն այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ազգի՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգանք»,- գրում է Ջեմալ փաշայի թոռը` անդրադառնալով 2008թ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից իր հուշերին: «2008թ. սեպտեմբերն էր, Երևանում էի և այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշակոթողի առջև մի պահ սիրելի Հրանտի [Դինքի] հետ մեն մենակ մնացի: Ինձ այդ հուշակոթող բերել էր Հրանտի ցավը: Առավոտ էր, արևը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհապանծ գագաթը մառախուղի քուլաների մեջ մեկ երևում էր, մեկ թաքնվում: Առավոտյան լռության մեջ սպիտակ մեխակներ դրեցի Ցեղասպանության հուշակոթողին և ականջիս հասավ Հրանտի ձայնը. «Եկեք նախ հարգենք միմյանց վիշտը…»»,- գրում է Հասան Ջեմալը` եզրափակելով. «Ժամանակն է, որպեսզի մենք և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով կիսենք հայերի ապրիլի 24-ի ցավը: Հրանտ, իմ եղբայր, ես կիսում եմ այդ ցավը, անկեղծ կարոտում քեզ, հանգիստ ննջիր»:

No comments: