Sunday, April 25, 2010

Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ուղերձը ոչինչ էլ չի փոխել

Tert.am. 24-4-2010- «Պետք է ըստ արժանավույն գնահատենք մեր ջանքերը, թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում տարված աշխատանքը` ուղղված Ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Tert.am-ի թղթակցին ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունները Հյասատանի խորհրդարանի օրակարգից հանելու որոշման մասին` Դեմիրճյանն արձանագրեց, որ ի սկզբանե ճիշտ չէր նախապայմաններով Արձանագրություններ ստորագրելը: «Մենք բազմիցս ասել ենք, որ սխալ էր նաև պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Ըստ էության, հայ-թուրքական գործընթացը վաղուց էր հայտնվել փակուղում: Թուրքիան այդ հարցն ի սկզբանե կապում էր ղարաբաղյան հիմնախնդրի հետ»,- նշեց Դեմիրճյանը: Ըստ նրա` Թուրքիան, առհասարակ, հայ-թուրքական մերձեցման գործընթացն օգտագործեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու, ինչպես նաև ղարաբաղյան հարցում ակտիվ դերակատարություն ստանձնելու նպատակով: «Այս ուղերձը, ըստ էության, որևէ բան չփոխեց: Որևէ փոփոխություն տեղի չունեցավ, քանի որ հայկական կողմը մինչև Արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելը հայտարարում էր, որ դրանք կվավարեցնի միայն Թուրքիայի վավերացնելուց հետո: Ըստ էության, ոչինչ չփոխվեց, քանի որ Հայաստանը ստորագրությունը հետ չկանչեց»,- ընդգծեց ՀԺԿ առաջնորդը: Նրա դիտարկմամբ` Արձանագրություններն ԱԺ օրակարգից հանվեցին նաև հաշվի առնելով թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող հասարակական տրամադրությունները: Դեմիրճյանը համոզված է, որ այս ամենից հետո Թուրքիան անկասկած կփորձի հանդես գալ կառուցողական քաղաքականությամբ և գործընթացի ձախողումը կբարդի Հայաստանի վրա: Ըստ նրա` ի սկզբանե գործընթացը ճիշտ հունով չի գնացել: «Հայաստանն այսօր լուրջ մարտահրավերների առջև է կանգնել: Դրանց դիմակայելու համար առաջին հերթին պետք է լուծենք մեր ներքին խնդիրները, համախմբենք հասարակությանը: Դրա համար մենք պետք է արդարություն և օրինականություն հաստատենք երկրում»,- եզրափակեց Դեմիրճյանը:

No comments: