Sunday, April 25, 2010

Սերժ Սարգսյանը չի տեսնում պատերազմի վտանգ մոտ ապագայում

«Ազատություն» 24-4-2010- «Ես չեմ տեսնում պատերազմի վտանգ մոտ ապագայում, սակայն բազմիցս ասել եմ, որ մեր Զինված ուժերը պետք է միշտ համարեն, որ հենց վաղը կարող են սկսվել ռազմական գործողություններ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձը, ըստ Հայաստանի նախագահի, «ուղղակի արկածախնդրություն է, որը Ադրբեջանի համար հղի է աղետով»: «Իրադարձությունների նման զարգացումը կարող է տեւական ժամանակով ապակայունացնել տարածաշրջանը, ստեղծել նոր լարվածության օջախներ, սակայն ամենեւին չի լուծի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, «ռազմական գործողությունների վտանգը կա եւ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում չեն իշխում խաղաղությունը եւ կայունությունը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ ստորագրված չէ գործուն խաղաղ համաձայնագիր»: Ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլը Հայաստանի նախագահը գնահատել է որպես «խաղաղ գործընթացի աշխատանքային փուլերից մեկը»: «Դա հակամարտություն է, այսինքն` տեղի են ունենում պայքար, բանակցություններ, իսկ հիմնախնդրի լուծումը կախված է բոլոր կողմերից` Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից, Հայաստանից: Կարեւոր միջնորդական դեր են խաղում նաեւ Մինսկի խմբի համանախագահները», - մանրամասնել է Սերժ Սարգսյանը: «Ես այլընտրանք չեմ տեսնում հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը կարող է հիմնված լինել միայն փոխզիջման վրա: «Փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է: Նման իրավիճակներում միակողմանի զիջումները սոսկ խորացնում են առկա վտանգները եւ սպառնալիքները», - ընդգծել է Հայաստանի նախագահը: Հնարավոր փոխզիջումների հարցում պաշտոնական Երեւանի սկզբունքային մոտեցումներին վերաբերող հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը հակամարտության սկզբնապատճառը եւ կենտրոնական հիմնախնդիրն է, եւ միայն դրա կարգավորման միջոցով հնարավոր կլինի լուծել նաեւ մյուս օրախնդիր հարցերը: Չէ որ եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հարցը կարող է լուծվել հաշվված ժամերի ընթացքում»: «Հակամարտության հետեւանքների վերացումը դրա սկզբնապատճառների փաստացի անտեսմամբ հղի է զարգացման խիստ վտանգավոր սցենարներով: Մենք ելնում ենք այն սկզբունքային դիրքորոշումից, որ երբ խոսքը մարդկանց անվտանգության եւ ճակատագրի մասին է, ռիսկը պետք է նվազագույնի հասցվի: Մենք թույլ չենք տա Լեռնային Ղարաբաղի վերածումը Բաքվի պատանդի: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչի դա հանգեցրեց 20 տարի առաջ, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի կազմում այլ ինքնավարության` Նախիջեւանի հայ բնակչության հետ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ օրը հայտարարել է, թե Հայաստանը չի կարող տարածաշրջանում որեւէ բանի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման: «Փաստը, որ մենք շարունակում ենք խաղաղ բանակցությունները, մեծ փոխզիջում է մեր կողմից», - «Ռոյթերզ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Ալիեւը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, իր հերթին, հայտարարել է, թե «ադրբեջանական բանակը ունի բոլոր կարողությունները` անհրաժեշտության դեպքում խոցելու ցանկացած թիրախ Հայաստանի տարածքում»:

No comments: