Thursday, April 29, 2010

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ` ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«ԱԶԳ», 29-04-2010- Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը օրակարգ մտցնելու կապակցությամբ քննարկումը նախատեսվածից երկար ու բուռն տեւեց: Ելույթները հիմնականում հայանպաստ էին, դեմ արտահայտվողների ցուցակում էին իշխող կուսակցության ներկայացուցիչները: 12 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանության հարցը մտավ օրակարգ: Հայամետ դիրքորոշում ունեցող Խաիմ Օրոնը 15 րոպե ներկայացրել է հարցը, այնուհետեւ քննարկումը շարունակվել է 25 րոպե: Այս անգամ հայանպաստ արտահայտվողներն ավելի շատ էին: Ըստ կանոնակարգի` երկու շաբաթվա ընթացքում Քնեսեթը կորոշի, թե գլխամասային ո՞ր հանձնաժողովը հարցը պետք է ներկայացնի խորհրդարան: Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելի խորհրդարանում քննարկման է դրվում Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման հարցը: Նման փորձեր եղել են նաեւ 2007, 2008 եւ 2009 թթ., սակայն հաջողություն չեն արձանագրել: Թեպետ հարցը մտել է Իսրայելի խորհրդարանի օրակարգ, մասնագետները անհավանական են համարում Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դասական համարվող իսրայելական դիվանագիտությունում էական ազդեցություն չունեն զգացմունքներն ու համակրանքը: Օրինակները բազմաթիվ են, երբ հայամետ դիրքորոշում ունեցող պատգամավորները դեմ են քվեարկել օրինագծին. Իսրայել պետության շահերն են այդպես պահանջել: Թեպետ թուրք-իսրայելական հարաբերություններն այժմ լարված են, սակայն դա էլ չի կարող նպաստել, որ Ցեղասպանության հարցը ճանաչեն: «Կողմերը հավաստիացնում են, որ լարվածությունը ժամանակավոր է: Բացի այդ, հակաիսրայելական դիրքորոշում նկատվում է միայն վարչապետ Էրդողանի հայտարարություններում: Թեպետ վերջին շրջանում մտահոգություններ կան, որ իրենց համար Թուրքիան այլեւս նախկին պետությունը չէ, սակայն Իսրայելի շահերին նպաստավոր չէ բանաձեւի ընդունումը: Հետեւաբար ակնկալիքները գրեթե զրոյական են, որ հետագայում ինչ-որ հաջողություն կգրանցվի», «Ազգին» ասաց իսրայելագետ Արտակ Գրիգորյանը : Նրա փոխանցմամբՙ հայ-իսրայելական հարաբերություններում Թուրքիայի գործոնը միշտ էլ եղել է կողմնորոշիչ: «Իսրայելում ցեղասպանությունների վերաբերյալ կայացած գիտաժողովի ժամանակ թուրքերը ստիպեցին օրակարգից հանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր զեկույցներն ու ելույթները եւ հետեւեցին, որ 1915-ի մասին ոչինչ չխոսեն», ասաց նա:

No comments: