Wednesday, April 28, 2010

Միշլին Կալմի-Ռեյ. «Թուրքիային եւ Հայաստանին պետք է ողջունել ծափահարություններով»

«Ազատություն» 28-4-2010- «Ե'վ Թուրքիային, ե'ւ Հայաստանին պետք է ողջունել ծափահարություններով` այն հզոր քաղաքական կամքի համար, որ երկու երկրները դրսեւորեցին հարաբերությունները կարգավորելու նպատակով», - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Շվեցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյը: Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ էին հարաբերությունները կարգավորելու շուրջ ինտենսիվ աշխատանք տանում, որն ի վերջո անցած տարվա հոկտեմբերին արձանագրությունների ստորագրմանը հանգեցրեց: Այս պահին էլ Շվեցարիան պաշտոնապես կողմերի միջեւ շարունակում է միջնորդ մնալ: Ելույթ ունենալով խորհրդարանականների առջեւ` Շվեցարիայի արտգործնախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յուրաքանչյուր առաջընթաց պետք է դիտվի երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համատեքստում, որոնցից յուրաքանչյուրն այս տարիների ընթացքում, Կալմի-Ռեյի գնահատմամբ, ահռելի քաղաքական կամք է ցուցադրել: Շվեցարիան ղեկավարում է նաեւ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, ուստի Միշլին Կալմի-Ռեյին` իբրեւ այդ կոմիտեի ղեկավարի, հարցեր են ուղղել նաեւ հայ եւ ադրբեջանցի պատգամավորները, հիմնականում` Ղարաբաղյան հակամարտության, դրա լուծման թեմաներով: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ակտիվորեն ընթանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում», - ի պատասխան հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարը, հավելելով, թե անհրաժեշտ է նաեւ խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Կալմի-Ռեյի գնահատմամբ` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ նույն հարց ու պատասխանի շրջանակներում ադրբեջանցի պատգամավորների բարձրացրած մի քանի, մասնավորապես` «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի գրավված լինելու», ադրբեջանցի փախստականների անելանելի վիճակի եւ օգնության կարիք ունենալու մասին հարցերին Շվեցարիայի արտգործնախարարը, թուրքական «Զաման» պարբերականի փոխանցմամբ, բավական հակիրճ պատասխաններ է տվել, թե «այդ հարցը Մինսկի խմբի իրավասության ներքո է գտնվում»:

No comments: