Tuesday, April 27, 2010

Ադրբեջանն ապտակել է համանախագահներին. քաղաքագետ

Terta.am. 26-4-2010- Իրանի՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը մասնակցելու առաջարկին լուրջ չի կարելի վերաբերվել, քանի որ գոյություն ունեցող բանակցային ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա` ԼՂՀ հիմնախնդրի լուծման ձևաչափի փոփոխությունն այսօր ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: «Բաքուն փորձում է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել` Մինսկի խմբի ձևաչափը փոխելու նպատակով: Եվ Բաքվում, և Իրանում շատ լավ հասկանում են, որ այդ առաջարկը որևէ լուրջ արձագանք չի ստանալու: Բաքվում ոչ ոք չի սպասում, որ Մինսկի խումբն ու Ղարաբաղը լուրջ կարձագանքեն այդ առաջարկին»,- նշեց քաղաքագետը: Ըստ նրա` ցանկացած բանակցային ֆորմատ, որը դուրս է Մինսկի խմբի շրջանակներից, Հայաստանին ձեռնտու չէ: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` ԼՂՀ բանակցային գործընթացը ցույց տվեց, որ եթե ձևաչափը փոփոխվի, ապա դա բարդություններ կառաջացնի: «Ցանկացած ձևաչափի փոփոխություն կստեղծի մի իրավիճակ, երբ հին միջնորդները կփորձեն խոչընդոտել նոր ձևաչափի կայացմանը»,- մանրամասնեց բանախոսը: Նա գտնում է, որ Իրանի այդ առաջարկին Ադրբեջանն արձագանքել է, քանի որ այդ երկիրը հայտնվել է բոյկոտողի կարգավիճակում: «Երբ Ադրբեջանի նախագահը չհրավիրվեց ԱՄՆ` մասնակցելու միջուկային անվտանգության համաժողովին, Ադրբեջանը դեմարշ հայտարարեց: Դե ֆակտո նրանք անընդհատ փորձում են ցույց տալ, որ դժգոհ են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից, քանի որ կարծում են, թե համանախագահները օբյեկտիվ որոշումներ չեն կայացնում: Դա ցույց տալու համար, ինչպես նաև հասկանալով, որ ԱՄՆ-ը և Իրանն ունեն բարդ հարաբերություններ` Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ Իրանի կողմից այդ առաջարկն արվի»,- կարծում է Բոզայանը: Իրանի այդ առաջարկին Ադրբեջանի կողմից արված արձագանքը Բոզոյանը գնահատում է որպես ապտակ` ուղղված համանախագահներին և հատկապես ԱՄՆ-ին: Դա, ըստ Բոզոյանի, անլուրջ և պոպուլիստական քայլ է:

No comments: