
News.am. 26-4-2010- «Այն հաշվարկները, որ առանց ԼՂ խնդրի առաջխաղացման՝ հնարավոր է Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնել եւ բացել սահմանները, խաբկանք էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելել, որ 2 տարի առաջ սկսված ֆուտբոլային քաղաքականությունը, ի սկզբանե ռազմավարական տեսանկյունից սխալ էր հաշվարկված, դրա համար էլ նման ավարտ ունեցավ:
«Դե ֆակտո» կարելի է ասել, որ հայ-թուրքական գործընթաց արդեն գոյություն չունի, իսկ «դե յուրե», իհարկե, ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմը ետ չեն կանչել իրենց ստորագրությունները, որվհետև այստեղ շահագրգռված են ազդեցիկ ուժեր եւ բնականաբար, ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը չեն ուզում դեստրուկտիվ երևալ միջազգային հանրության առջեւ",- ընդգծել է նա: Բոզոյանի խոսքով, այս գործընթացից Թուրքիան միանգամից երկու բան է շահել. «Նախ Թուրքիան Ֆորմալ իրավունք ստացավ ակտիվորեն միջամտել ԼՂ խնդրի բանակցային գործընթացին և ֆորմալ պատրվակ, թե ինչու չպետք է Ցեղասպանության ճանաչման միջազգային շարժումը գոյություն ունենա»:
Ինչ վերաբերում է նրան, որ չնայած հայ-թուրքական գործընթացին՝ տարբեր երկրների խորհրդարանները Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր են ընդունում, քաղաքագետն ասել է. «Եթե հանկարծ արձանագրությունները վավերացվեին, ապա կարող եմ պնդել, որ այդպիսի գործընթացներ ընդհանրապես չէին լինի։ Քանի որ արձանագրությունները դեռ վավերացված չեն, ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա հիմնականում անուղղակի ճնշումներ են լինում, ասենք Բուլղարիայի, Սերբիայի խորհրդարանների միջոցով, որով նա փորձում է Թուրքիային հորդորել, որ գնա արձանագրությունների վավերացմանը»:
No comments:
Post a Comment