Wednesday, April 28, 2010

Թուրքիայի ԱԳՆ. Նախիջևանի անվտանգության հիմնական սպառնալիքը Հայաստանի Հանրապետությունն է

Panorama.am. 28-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հրավերով Անկարա ժամանած Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովը պաշտոնական հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, պետնախարար Հայաթի Յազըջի, Գլխավոր շտաբի պետի` բանակի գեներալ Իլքեր Բաշբուղի հետ: Տեղեկանում ենք թուրքական «Սամանյոլու» լրատվական կայքից: Նախատեսված է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը նաև Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Ըստ աղբյուրի, Թուրքիայի արտգործնախարարության` Թալիբովի այցի մասին իրազեկող հաղորդագրությունում նշված է, որ Ադրբեջանի հետ սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը դեմ հանդիման է մնացել Հայաստանի Հանրապետությունից եկող անվտանգության սպառնալիքներին: «Այդ վտանգը չեզոքացնելու գործում մեր երկրների հարաբերություններում կարևոր բաղադրիչ է Ադրբեջանի և Նախիջևանի հետ մեր ռազմական համագործակցությունը»,- ասված է թուրքական ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Ի դեպ` Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում այս տեղեկությունը չի հաստատվում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում բնավ չի հիշատակվում Հայաստան բառը և չի նշվում, որ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիք է ներկայացնում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անվտանգությանը: Պաշտոնական տեղեկատվությամբ չի հաստատվում նաև Նախիջանի հետ Թուրքիայի ռազմական համագործակցության մասին «Սամանյոլու»-ի տարածած տեղեկությունը:

No comments: