Wednesday, April 28, 2010

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Լրագիր» 28-4-2010- Նախիջեւանի թեման անսպասելիորեն հայտնվել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական եւ իրանա-թուրքական գործընթացների կենտրոնում: Գրեթե արդեն մոռացված թեման, պարզվում է, “արթնանում է” եւ պատրաստ է պայթել նոր ուժով: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունները ակնհայտորեն վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում Նախիջեւանը հանձնել ոչ միայն Իրանին, այլեւ հենց Ադրբեջանին: Ընդ որում, նախարարի հայտարարության մեջ Նախիջեւանը նշվում է Ադրբեջանից առանձին, որպես տարբեր սուբյեկտ: Նախիջեւանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ Իրանը, որն ընդհանրապես չի ուզում, որ տարածքը, որը երկար ժամանակ եղել է իր վերահսկողության տակ, անցնի Թուրքիայի “երաշխավորության” տակ, որը Նախիջեւանի հետ 10 կմ սահման ունի: Հետաքրքիր է հայաստանի դիրքորոշումը, որն, առաջին հայացքից, այդքան էլ չի մտածում իրեն սահմանակից Նախիջեւանի մասին: Ավելին, Սերժ Սարգսյանը, խոսելով Ղարաբաղի մասին, նույնիսկ հայտարարել է, որ թույլ չի տա նրա վերածվելը Նախիջեւանի, որտեղից 1980-ականներին բռնագաղթեցվել է ողջ հայ բնակչությունը: Ընդ որում, քաղաքագետ Իգոր Մուրադյանը գտնում է, որ Հայաստանի ռազմավարական խնդիրն է Նախիջեւանը Հայաստանին վերամիավորելը, “որտեղից պետք է վտարվեն ադրբեջանցիները, որպես օկուպանտներ, որոնք 18-րդ դարում այստեղ բնակեցվել են Օսմանյան Թուրքիայի ու Շահական Իրանի հովանու տակ”: Նախիջեւանի դրությունը բարդանում է նրանով, որ հայաստանը մինչ օրս չի ճանաչել կարսի պայմանագիրը եւ առայժմ չի պատրաստվում դա անել: Զուր չէ, որ Դավութօղլուն պայմանագրի մասին հիշատակություն է արել Նախիջեւանի մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը: Հայաստանի ու Նախիջեւանի հարաբերությունները կարեւոր նշանակություն են ունեցել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ. Հայաստանը պարզապես չէր դիմանա երկրորդ ճակատին, առավել եւս, Թուրքիայի զինուժի մասնակցությամբ: Սակայն իրավիճակը փոխվել է: Եւ պատահական չէ, որ Ղարաբաղում Ադրբեջանի հավանական գործողություններին որպես պատասխան խոսվում է Նախիջեւանի մասին: Այս մասին խոսում են Հայաստանի արմատական ուժերի կողմնակիցները:

No comments: