Wednesday, April 28, 2010

Ադրբեջանին սպառնում է բացարձակ աշխարհաքաղաքական մեկուսացում

Aysor.am. 28-4-2010- Օրերս ադրբեջանցի մի խումբ մտավորականներ նամակ են հղել Իրանի կառավարությանը` աղաչելով միանալ Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացվող շրջափակմանը և փակել Հայաստանի հետ սահմանը: Որևէ կասկած չկա, որ այս նամակը գրվել է Իլհամ Ալիևի աշխատասենյակում (նույնիսկ` ոչ աշխատակազմում): Ռեժիմն է այդպիսին` այս երկրում նույնիսկ կենցաղային հարցերն են լուծվում Իլհամ Ալիևի թույլտվության կամ իմացության դեպքում միայն, ուր մնաց, թե ինքնուրույն որևէ միտք արտահայտեն, առավել ևս` դիմեն այլ երկրի իշխանություններին: Այստեղ անգամ ընդդիմադիրների քննադատության դոզաներն են համաձայնեցվում նախագահականում. չհամաձայնեցնողները հիմնականում արտաքսվում են կամ էլ` հայտնվում ճաղերի հետևում: Հետևաբար` նամակը համաձայնեցված է Ադրբեջանի իշխանությունների հետ, և ըստ էության հենց նրանց նախաձեռնությունն է: Վերադառնալով նամակի բովանդակությանը, որը ժամանակակից աշխարհի առաջնահերթությունների ֆոնին բացառիկ նախնադարյան մտածողության վառ դրսևորում է, անհրաժեշտ ենք համարում որոշ դիտարկումներ անել: Հասկանալի է, որ անգամ նամակագիրներն են գիտակցում, որ իրենց անհեթեթ պահանջը ոչ մի կերպ բավարարվել չի կարող, հետևաբար` որն է անիրականանալի նախաձեռնությամբ հանդես գալու դրդապատճառը: Նախ` նամակը նախորդել է, որոշ տվյալներով` Ադրբեջանոմ դրության իրական տերը համարվող գործչի` նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի Իրան կատարելիք այցին: Եթե հաշվի առնենք այս օրերին Ադրբեջանում ծավալված աննախադեպ հակաամերիկյան հիստերիան, ԱՄՆ-Իրան հարաբերությունների խնդրահարույց բնույթը, Իրանի նկատմամբ պատժամիջոցներին Թուրքիայի ընդդիմանալու դիրքորոշումը և Ռամիզ Մեհթիևի վերջերս Անկարա կատարած այցելությունն ու քննարկումները, ապա կարեի է ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են աջակցություն հայտնել Թեհրանին, գուցե նաև` հնարավոր պատերազմի դեպքում որոշակի խոստումներ տալ: Բաքվի ու Թեհրանի մերձեցումն ըստ այդմ երկրորդին կօգնի ճեղքել օրեցօր սեղմվող դիվանագիտական օղակը, իսկ առաջինին` հակաամերիկյան ճակատում լուրջ դաշնակից կապահովի: Այս պարագայում` Բաքվին մնում է իրավիճակից քաղել առավելագույն օգուտ և Թեհրանից ստանալ նաև հակահայկական բնույթի որոշակի գնահատականներ: Դժվար է ասել` կհաջողվի նրան դա, թե՞ ոչ, բայց ադրբեջանցի մտավորականների նամակը կոչված է նման նախադրյալներ ստեղծելուն: Բնականաբար, «Բաքվի նամակի» հասցեատերերի շրջանակն ԱՄՆ-ով ու Իրանով չեն սահմանափակվում: Այստեղ ակնարկ կա նաև հյուսիսային հարևանին: ԵԱՀԿ Մինսկի խմբից Ադրբեջանի պարբերական դժգոհությունները մեծամասամբ ուղղված են նաև Ռուսաստանին և առաջին անգամը չէ, որ պաշտոնական Բաքուն փորձում է Իրանի խաղաքարտով շանտաժի ենթարկել նաև Ռուսաստանին: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն այս փուլում իր վրա ազդեցություն ունենալու «մրցույթ» է հայտարարել և տարբեր ուղղություններով (Եվրոպա, Ռուսասատան, Թուրքիա, Իրան) բանակցություններ է վարում մոտ ապագայում «արդյունահանվելիք գազի արտահանման ուղիների հստակեցման հարցով», իսկ տառացիորեն վերջերս սկսել է հրապարակավ վերակառուցել Իրանի ուղղությամբ ձգվող գազային ենթակառուցվածքները, կարելի է ենթադրել, որ պրոիրանական ռևերանսները Մոսկվային տեղից շարժվելու «մեսիջ» են բովանդակում: Ադրբեջանը «մտավորականների նամակով» չի անտեսել նաև Թուրքիային: Իրանի նկատմամբ որդեգրվող կառուցողականությունը «եղբայրական պետությանը» ևս քայլեր ձեռնարկելու կոչ է պարունակում: Ըստ երևույթին, Բաքվից Անկարային հասկացնում են, որ «մեկ ազգ` երկու պետություն» բանաձևը կյանքի չկոչելու դեպքում (իսկ Ադրբեջանում այդ բանաձևի տակ հասկանում են այն, որ Թուրքիան իր ողջ ռեսուրսներն ու հնարավորությունները պետք է տրամադրի Ադրբեջանի շահերի սպասարկմանը), իրենք կսկսեն ապավինել «մեկ կրոն` երկու պետություն» բանաձևին (Ադրբեջանում, ի տարբերություն Թուրքիայի, բնակչության մեծ մասը, ինչպեսև Իրանում, շիա մահմեդականության հետևորդներ են): Այլ կերպ ասած` Ադրբեջանը Թուրքիային սպառնում է ընտրություն կատարել տարածաշրջանում նրա հիմնական մրցակցի` Իրանի օգտին: Ըստ էության, նրանք կասկածում են, որ հայ-թուրքական կարգավորումը ժամանակավորապես է կասեցվել, և շատ մոտ ապագայում (դիցուք` 2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո) հնարավոր է նոր` արդյունավետ փուլ: Ամփոփելով վերը նշվածը` հարկ է նկատել, որ թեև Բաքուն փորձում է շահարկել Իրանի գործոնը` մյուս երկրների հետ առևտրում արդյունք ապահովելու նկատմամբ, սակայն դրան զուգահեռ կոնկրետ քայլեր են արվում Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղությամբ. էներգետիկ ծրագրեր, փոխայցելությունների ու շփումների ակտիվացում, հավանություն ղարաբաղյան կարգավորման հարցում միջնորդություն իրականացնելու Թեհրանի առաջարկին և այլն: Վերը նշվածի համատեքստում, երբ նկատի ենք ունենում միջազգային հանրության հետ Իրանի (հատկապես Իրան-Արևմուտք) հարաբերությունների բարդությունը, և այն հանգամանքը, որ Ադրբեջանը մինչ օրս դիրքավորվում էր որպես տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր ռազմավարական գործընկեր, գալիս ենք եզրահանգման, որ այնուամենայնիվ Ադրբեջանն արտաքին քաղաքական փակուղու մեջ է հայտնվել և այժմ որոնումների մեջ է: Բանն այն է, որ Արևմուտքը միայն էներգետիկ ռեսուրսների առկայությունն ու տվյալ երկրի ցանկությունը բավարար չի համարում ռազմավարական համագործակցություն ծավալելու համար: Դատելով ամենայնից` Ադրբեջանի միապետական վարչակարգը, մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների գրեթե լիակատար բացակայությունը, հարևան երկրների նկատմամբ ագրեսիվ պահվածքը (որի վկայությունն է նաև «մտավորականների նամակը»), կոռուպցիան, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ուծացման քաղաքականությունը և բազմաթիվ այլ` «21-րդ դարին անհարիր» խնդիրներ, Արևմուտքին ստիպել են մերժել Ադրբեջանի ցանկությունները: Արդյունքում այդ երկիրը փորձում է ժամանակավորապես խարիսխ գցել իրանական նավահանգստում` հուսալով, որ ավելի շահավետ առաջարկ կստանա: Սակայն Իրանին ներկայացված պահանջների բնույթն ու բովանդակությունը հուշում են, որ անգամ Թեհրանը կհրաժարվի Բաքվի հետ համագործակցությունից` Ադրբեջանին մատնելով աշխարհաքաղաքական բացարձակ մեկուսացման մեջ:

No comments: