Wednesday, April 28, 2010

Ոչ թե սառնարանում, այլ պահարանում. Մուրադ Մերջանի կարծիքով՝ Արձանագրությունները մեռած չեն

Tert.am. 28-4-2010- Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ստորագրած Արձանագրությունները մեռած չեն: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը` մեկնաբանելով Արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում առկախելու ՀՀ իշխանությունների որոշումը: «Որպեսզի Արձանագրությունները մահանան, անհրաժեշտ է, որ հայաստանյան իշխանությունները հետ կանչեն այդ փաստաթղթերի տակ դրված իրենց ստորագրությունը: Այսինքն, տեսականորեն կարող ենք ասել, որ Արձանագրությունները կմահանան այն ժամանակ, երբ հայաստանյան իշխանությունները հետ կկանչեն դրանք խորհրդարանից կամ հատուկ որոշմամբ իրենց ստորագրությունը կհանեն Արձանագրություններից: Բացի այդ, Արձանագրությունները «սառեցվեցին» բնորոշումն այդքան էլ տեղին չէ: Թերևս ամենաճիշտ բնորոշումը, որ կարելի է տալ արձանագրային գործընթացի հետ կապված վերջին զարգացմանը, այն է, որ Արձանագրությունները ներկա պահին սպասողական վիճակում գտնվում են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովներում: Այսինքն, սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ փաստաթղթերը դրվել են երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների պահարաններում»,- ասել է Մուրաթ Մերջանը: Լրագրողի այն հարցին, թե «Հայ-թուրքական Արձանագրությունները խորհրդարանական հանձնաժողովում ինչի՞ են սպասում, այսինքն` Թուրքիային ի՞նչ գոհացնող քայլերից հետո դրանք կարող են հայտնվել օրակարգում», Մուրադ Մերջանը հայտարարել է. «Արձանագրությունները մեր հանձնաժողովի օրակարգում հայտնվելու համար անհրաժեշտ են այնպիսի զարգացումներ, որոնք հակառակ չեն լինի մեր ժողովրդի խղճին: Նախ, ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորում, խնդիրների կարգավորման մեխանիզմի մշակում: Որովհետև Հայաստանի հետ սահմանի փակման գլխավոր պատճառը ոչ թե Հայաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններն էին, այլ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զավթումը: Այսինքն` անհրաժեշտ է մեխանիզմի մշակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման համար: Երկրորդ, որը պակաս կարևոր չէ, ՀՀ Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ կայացրած որոշումն է: Այդ որոշմամբ ասվում է, որ Արձանագրություններով չի ճանաչվելու Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող սահմանը, և այն, որ այդ Արձանագրություններում տեղ գտած պատմաբանների հանձնաժողովում Ցեղասպանության հարցը չի ուսումնասիրվելու: Այդ որոշման հետ կապված զարգացում է պետք, որովհետև ՍԴ-ի այդ որոշումը հակասում է Արձանագրությունների տառին և ոգուն»,- հայտարարել է Մերջանը` ընդգծելով, որ Արձանագրություններում երկու հիմնական դրույթ կա։ «Առաջինը` երկու երկրների միջև սահմանների ճանաչումը և այդպիսով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը: Երկրորդ` պատմական հանձնաժողովի ձևավորումը, որով նախատեսվում է վերացնել երկու երկրների միջև առկա պատմական տարաձայնությունները»,- ասել է Մերջանը` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը շարունակվելու է:

No comments: