Saturday, May 15, 2010

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹ. ԹՈւՐՔԱԿԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ ՏԱՐԲԵՐ ՁԵՎԱՉԱՓԵՐՈւՄ

Report.am. 15-5-2010- Որքան էլ Երևանում պաշտոնական-իշխանական վերնախավը կրկնի, թե թույլ չի տալու Թուրքիային ներգրավվել Լեռնային Ղարաբաղի համակարտության գործընթացում, մայիսի 11-12-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի 250 հոգանոց պատվիրակությամբ Թուրքիա ացելությունը այլ բան է ասում: Ինքնին խոսուն է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրի նախագահը Լեռնային Ղարբաղի հակամարտության խնդիրը քննարկում է Թուրքիայի հետ: Մի բան, որ նախկինում երբեք տեղի չէր ունեցել։ Իհարկե, սա քողարկված էր դիվանագիտական արտահայտություններով, սակայն բուն ասելիքը պարզ էր: Պատահական չէ , որ Մեդվեդևի՝ Թուրքիա կատարելիք այցից առաջ թուրքական ԱԳՆ-ի աղբյուրը թուրքական լրատվամիջոցներին հայտնել էր, թե Թուրքիան առաջիկայում ԼՂՀ հարցում ղեկավար դերակատարություն է ունենալու: Այն Երևանում համարեցին թուրքական հերթական ներքին սպառման հայտարարություն: Իհարկե, Մինսկի խմբի ձևաչափում սա դեռ ֆորմալ առումով չի արտահայտվում, բայց թուրքական կողմի համար, ինչպես ասում են, սառույցը շարժվել է: Եվ այս առումով հատկանշական է, որ մեծ թուրքական քաղաքականության համատեքստում այս երկիրն արդեն սկսել է նախապայմաններ առաջադրել ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադբեջանական հարաբերությունների հարցում. վարչապետ Թայիբ Էրդողանն ու Դավիթօղլուն հանկարծ հիշեցին Նախիջևանի պատմությունն ու հայտարարեցին, որ միայն հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չէ, ուզում են, որ բացվի նաև Հայաստան-Ադրբեջան սահմանը: Հենց Նախիջևանի հարցով երևակվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի համակարգված ծրագրերը հետագայի համար. Ադրբեջանի տրանսպորտային քաղաքականության և էկոնոմիկայի բաժնի պետ Սադրեդդին Մամեդովը հայտարարեց, թե իր երկիրը նախատեսում է սկսել հետազոտական աշխատանքներ թուրք-նախիջևանյան մոտ 4 կմ սահմանահատվածում` Կարս-Իգդիր-Նախիջևան ճանապարհի կառուցման նպատակով: Ավելորդ չէ նշել, որ այդ ճանապարհի հեռահար նպատակն է այն երկաթուղու վերածելը, որը գործարկման դեպքում կապահովի կապ Ադրբեջանի և շրջափակման մեջ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Որպես թուրքական այդ մեծ քաղաքականության հաջորդ քայլ կայացավ ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մովլուդ Չավուշօղլուի աշխատանքային այցը Հայաստան: Համենայնդեպս ԵԽԽՎ նախագահն ԱԺ նախագահի հրավերն օգտագործեց իր և իր երկրի համար բավականին գրագետ քարոզչական նպատակներով: Ցույց տալու համար, ասենք, որ չնայած Երևանի նախաձեռնությամբ հայ-թուրքական հարաբերությունների ժամանկավոր կասեցմանը, Չավուշօղլուն՝ որպես լայնախոհ եվրոպական գործիչ, այցելում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության տարածք: Իսկ Հայաստանում ժաղովրդավարական ազատությունների հետ կապված հարցերի վերհանումը, որոնց, իհարկե, նա պարտավոր էր հետամուտ լինել որպես միջազգային հեղինակավոր կառույցի ղեկավար, մեր անձնական տպավորությամբ, առհասարակ անձնական հաճույք էին պատճառում բնավ ոչ ժողովրդավարական Թուրքիայի ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավարին։ Միգուցե սա էր պատճառը, որ Չավուշօղլուի երևանյան հանդիպումների շարքում նրա հետ հանդիպած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այս անգամ գերադասեցին չբողոքել հայաստանյան իշխանություններից, այլ Չավուշօղլուի մոտ քննադատել Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր կառույցները` դիտորդական առաքելություններին, Մարդու իրավունքների գծով հանձնակատարին, Հայաստանի հարցով համազեկուցողներ Կոլոմբիեին ու Պրեսկոտին, որի նկատմամբ, ի դեպ, համաձայն բրիտանական մամուլի, ժամանակին հարուցված են եղել քրեական գործեր` կաշառակերության հոդվածով: Չավուշօղլուի այցելության «մեխը» ԼՂՀ հարցով ենթաօրենսդրական հանձնաժողովի գործարկման հարցն էր: Այսինքն` գործընթացը Մինսկի խմբից այլ ձևաչափ տեղափոխելու փորձ: Արդեն պարզ է, որ չնայած դրան ընդդիմանում են նրա հետ հանդիպած հայաստանյան քաղաքական ուժերը, Չավուշօղլուն հաստատ վերակենդանացնելու է այդ հանձնաժողովի գործունեությունը, իսկ հայկակական կողմը լավագույն դեպքում բոյկոտելու է այն: Այդ մասին Մովլուդ Չավուշօղլուն հստակ հայտարարեց Ազգային Ժողովում հրավիրված իր մամուլի ասուլիսի ժամանակ` ընդգծելով երկու հանգամանք. առաջին՝ որ դա ոչ թե իր նախաձեռնությունն է, այլ Վեհաժողովինը, և երկրորդ` որ ԵԽԽՎ անդամ բոլոր պետությունները պարտավոր են կատարել Վեհաժողովի բանաձևերը: Եթե այս պատախաններում գոնե իրավականորեն կարելի էր հղում անել կանոնակարգերին, նախադեպերին, ապա նույնը չի կարելի ասել նրա հաջորդ պատասխանների մասին, որոնք վերաբերում էին նրա` թուրքական պատվիրակության երբեմնի ղեկավարի ելույթներին, որոնցում խոսել էր Հայաստանի վրա ճնշումները ուժեղացնելու կամ Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին: Եվ վերջապես Չավուշօղլուն եկավ ու ոչ միայն չայցելեց Ծիծեռնակաբերդ, այլև այդ մասին նախապես հայտարարեց: Դաշնակցությունը սա համարեց թուրքական հերթական նախապայման և հրաժարվեց ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից` հայտարարելով, որ նա Հայաստան է գալիս ոչ թե որպես Եվրոպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի նախագահ, այլ որպես թուրք պաշտոնյա: Դժվար է չհամաձայնվել, թեև ինքը Չավուշօղլուն ասաց, որ ԵԽԽՎ կանոնակարգում չկա որևէ կետ, որը իրեն պարտադրի այցելել «այս կամ այն վայր»: Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստան եկած այլ պատվիրակություններ էլ են խուսափել Ծիծեռնակաբերդ այցելելուց, բայց առաջին անգամն է, որ դա անում է միջազգային կառույցի ղեկավարը` այն էլ նախապես հայտարարելով:

No comments: