Saturday, May 15, 2010

Ադրբեջանում փոխհարաբերվում են «մարդը մարդուն` գայլ» սկզբունքով

Panorama.am. 15-5-2010- Ադրբեջանում իրականացվող խոշտանգումների կապակցությամբ քաղաքացիական հասարակության ակտիվիստները սկսել են ստորագրություններ հավաքել` միջազգային կառույցներին դիմելու համար: Այս որոշման մասին հայտարարել են 11 հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-ներ, հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հավաքվել են Նորվեգիայի մարդու իրավունքների տանը և բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես` խոշտանգումների խնդիրները: «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսը ներկայացրել է միջազգային կառույցներին հղվելիք դիմումի նախագիծը, որում արձանագրված է իրավիճակի վատթարացումը: 2006 թ., փաստացիորեն, գրանցվել է խոշտանգումների 40 դեպք, 2007-ին` 74, 2008-ին` 84, 2009-ին` 136 դեպք: Այսինքն` չորս տարիների ընթացքում խուշտանգումները ավելի քան եռապատկվել են: Աղբյուրի փոխանցմամբ` «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» նախագահ Էլչին Բեհբութովը տեղեկացրել է, որ 2010 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արդեն գրանցվել է խոշտանգումների 50 դեպք: «Սակայն խոսքը միայն գրանցված դեպքերի մասին է, իսկ իրավապահ մարմիններում և քրեակատարողական համակարգում խոշտանգումների քանակը ավելի շատ է»,- ասել է նա: Խոշտանգումների խնդիրը բարձրացվում է միջազգային կազմակերպությունների կողմից` ադրբեջանական իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ: Նրանք հորդորում են հետևել Ադրբեջանի կողմից վավերացված կոնվենցիաներին: Աղբյուրի փոխանցմամբ` մահվան ելքով խոշտանգումների մեծամասնությունը կատարվում են ոստիկանության բաժիններում, դատախազությունում, Ազգային անվտանգության նախարարությունում, կալանավայրերում: Խոշտանգումները լայնորեն տարածված են նաև ադրբեջանական զինված ուժերում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են առաջարկել միջազգային կառույցներին ձեռնարկել մի շարք միջոցներ` Ադրբեջանում խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ և օժանդակել, որպեսզի խոշտանգումների դեմ շարժումը ներառվի Եվրամիության «Արևելյան հարևանության» ծրագրում:

No comments: