
«ԱԶԳ», 05-05-2010- Հայոց ցեղասպանության բրիտանական քննարկումներին մեր թերթը բազմիցս է անդրադարձել: Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսում, Շոտլանդիայում ընդունվել են Ցեղասպանությունը ճանաչող հայտարարություններ, բրիտանական պառլամենտի ստորին` Համայնքների պալատը նույնպես ընդունել է նման հայտարարություն, այժմ հայկական բանաձեւը գտնվում է Լորդերի պալատում:
Մենք նաեւ տեղեկացրել ենք, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել Բրիտանիայի պառլամենտի վերին պալատում, լորդերի մի խումբը` բարոնուհի Քոքսի գլխավորությամբ, պահանջում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, ոմանք էլ շեշտում են Թուրքիայի հետ «բարեկամական» կապերը, իսկ «փայլուն» պատմական գիտելիքներով լորդերից մեկը նույնիսկ հայտարարեց. «Մենք խոսում ենք քրիստոնյա-մուսուլման տարրական բախումների մասին, անկարելի է այդ իրադարձությունները ցեղասպանություն որակել»: Այս եւ նման կերպ արտահայտվող բրիտանացի լորդերից շատերը թերեւս ծանոթ չեն Մեծ Բրիտանիայի մեծագույն ղեկավարներից մեկի` վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշագրություններին, չգիտեն, որ Չերչիլն առաջիններից էր, որ արտասանեց «Հայոց ցեղասպանություն» բառերը, որ միայն Չերչիլի թողած գրությունները բավական են ապացուցելու ոչ միայն Բրիտանիային, այլեւ բոլոր չընդունած երկրներին, որ Ցեղասպանությունը եղել է եւ չի կարող մոռացվել (նույնիսկ ճանաչումից հետո- Հ. Ա.), այն հանցագործություն է մարդկության դեմ:
Ուինսթոն Չերչիլը գրում է. «Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ճակատագրական եղան հայ ժողովրդի համար: Համաշխարհային առաջին պատերազմի սկզբում հայերը սարսափելի ջարդերի ենթարկվեցին, իսկ արդեն պատերազմի ավարտին ենթարկվեցին զանգվածային ոչնչացման»: Չերչիլը հայ ժողովրդի ողջ դժբախտությունը իր հուշագրության մեջ պայմանավորում է «հայերի հայրենի տարածքների աշխարհագրական դիրքով». «Դարեր շարունակ հայկական տարածքները հրապուրել են տարբեր ազգերի նվաճողներին, սկզբում նրանք պարսիկներն ու հռոմեացիներն էին, հետո արդեն եկան մուսուլմանական ցեղերը` մոնղոլներն ու սելջուկ թուրքերը», այստեղ «բացահայտվում» է եւս մեկ ճշմարտություն. «հայերի տարածքներ» եւ «մուսուլմանական նվաճող ցեղեր»: «Այնուհետեւ այս պայքարի մեջ մտան ռուսները,- շարունակում է Չերչիլը,- որոնց հակառակորդները դարձան թուրքերն ու պարսիկները: Երբ սկսվեց Առաջին համաշխարհայինը, Հայաստանը բաժանված էր երկու մասի` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Մշտապես տառապող հայ ժողովուրդը պարբերաբար ենթարկվում էր ջարդերի, նրանք ոչ մի հնարավորություն չունեին պաշտպանվելու, միայն, թերեւս, գաղտնի կազմակերպությունների շնորհիվ: Պատերազմը բերեց նոր դժբախտություններ հայերին: Բալկանյան մարտերից հետո «պանթուրքական» գաղափարակիրները շատացան Թուրքիայում, նրանք գտնում էին, որ թուրքական պետության մեջ բացառապես պետք է ապրեն թուրքերը, առավելագույնը` այլ մուսուլման ազգեր, ով մուսուլման չէր, պետք է կորչեր գրողի ծոցը: Թուրքական այս նպատակին Եվրոպան տեղյակ չէր, հայերը, սակայն, շատ լավ հասկանում էին, թե ինչ է կատարվում: Պատերազմում ունեցած անհաջողություններում թուրքերը, օգտվելով առիթից, մեղադրեցին իրենց արեւելյան վիլայեթներում ապրող հայերին, նշելով, թե նրանք լրտեսություն են արել հօգուտ ռուսների: 1915-ին թուրքական կառավարությունը Փոքր Ասիայում ապրող հայերի նկատմամբ սկսեց իրականացնել մասսայական բնաջնջման եւ տեղահանման քաղաքականություն: 300-400 հազար հայեր` կանայք եւ երեխաներ, փախան ռուսական տարածքներ, նաեւ Պարսկաստան եւ Մերձավոր Արեւելք: Մոտավոր հաշվարկներով այս քաղաքականության զոհ դարձան 1,4 մլն հայեր, որոնցից կեսից ավելին սպանվեցին: Ոչ մի կասկած չկա, որ այս ամենը նախօրոք պլանավորված քաղաքականության հետեւանք էր: Պատերազմը թուրքերին տվեց գերազանց հնարավորություն` վերջնականապես ազատվելու «այլ ռասաներից»: Թուրքական հաշվարկը պարզ էր. եթե նույնիսկ նրանց ներկայացրած դաշինքը պարտվում էր պատերազմում, նրանք իրականացրած կլինեին Թուրքիայի «մաքրումը» եւ շատ ավելի շահեկան դուրս կգային պատերամից, քան էին մինչեւ պատերազմը»:
Այնուհետեւ Չերչիլն անդրադառնում է նաեւ թուրքերի հարձակումներին դեպի Կովկաս` ներկայացնելով դրանք որպես «հայերի ոչնչացման քաղաքականության շարունակում»: «Երբ ռուսները գրավեցին Էրզրումը, իսկ ԱՄՆ-ը մտավ պատերազմի մեջ, հայերի շրջանում որոշ հույսեր արթնացան, սակայն ռուսական հեղափոխությունը ցրեց այդ հույսերը: 1918-ին ռուսական բանակը լքեց փոքրասիական ռազմաճակատը, իսկ երբ հայտնվեցին թուրքերը, հայ բնակչությունը կարողացավ որոշ ժամանակով զսպել թուրքերի առաջխաղացումները: 1918-ին կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ազդանշան եղավ թուրքերի համարՙ սեփականացնելու նախկինում ռուսներին պատկանող հայկական հողերը` Կարսը, Արդահանը: Միեւնույն ժամանակ ռազմաճակատում դաշնակից զորքերն առաջ էին գնում. բրիտանական, ֆրանսիական եւ ամերիկյան զորքերը Ֆրանսիայում ջարդեցին գերմանական զորքին: Անգլո-հնդկական զորքը գրավեց Պաղեստինն ու Սիրիան: Փաստորեն այն ժամանակ, երբ թուրքերը Կովկասում առաջ էին շարժվում, նրանց պետությունը փլուզվում էր: Այս ամենից շարունակվում էին հայ ժողովրդի տառապանքները, որոնք, թվում է, անվերջանալի են: Բրիտանիան, անշուշտ, գիտեր այդ տառապանքների մասին: Պարզապես կարծիքներ էին տարբեր. ոմանք խոսում էին հայերի բնաջնջման մասին, ոմանք էլ ամեն բանում մեղադրում էին հայերին: Սակայն ճշմարտությունն այն է, որ հայերի ոչնչացման փաստն առաջացրել էր անգլերեն խոսող բազմաթիվ տղամարդկանց եւ կանանց ցասումը»:
Պատերազմն ավարտվեց Թուրքիայի դաշնակիցների պարտությամբ, եւ, ինչպես գրում է Չերչիլը, հայերը մեծ հույսեր ունեցան, որ վերջապես իրենց հարցն արդարացի լուծում կստանա. «Սակայն հաղթող դաշնակիցներից ոչ մեկը, ոչ Բրիտանիան, ոչ Ֆրանսիան, ոչ Իտալիան կամ ԱՄՆ-ը պատրաստակամություն չհայտնեցին օգնելու հայերին: Մնացած բոլոր հարցերում նրանք միասնական կարծիքներ էին հայտնում, իսկ երբ հերթը հասավ հայկական հարցին, սկսեցին գլուխները տարուբերել: 1920 թ. մարտի 12-ին հայկական հարցը հանձնվեց Ազգերի լիգային, բայց վերջինս չուներ ոչ միջոցներ, ոչ զինվորներ` հարցին լուծում տալու համար: Օգոստոսի 10-ին, այնուամենայնիվ, Թուրքիային ստիպեցին ստորագրել Սեւրի պայմանագիրը, ըստ որի Թուրքիան պետք է ԱՄՆ նախագահ Վիլսոնին վերապահեր Հայաստանի հետ ունեցած սահմանների որոշումը` ճանաչելով Հայաստանի անկախությունը: 1920-ի դեկտեմբերին Վիլսոնը որոշեց, որ հայ-թուրքական սահմանը պետք է անցնի Տրապիզոնով, Էրզրումով, Վանով եւ Բիթլիսով: Սակայն հայկական պետությունը գոյություն ուներ միայն թղթի վրա: 1920-ի հունվարին թուրքերը հարձակվեցին ֆրանսիացիների վրա Կիլիկիայում, մայիսին բոլշեւիկները վերջնականապես գրավեցին Էրիվանի հանրապետությունը, ե՛ւ այստեղ, ե՛ւ Կիլիկիայում հայերը կրկին ենթարկվեցին ջարդերի, միայն Կիլիկիայում կոտորվեցին 50 հազար հայեր: Հոկտեմբերին Անգորայի համաձայնագրով Ֆրանսիան էվակուացրեց Կիլիկիան: Լոզանի կոնֆերանսով վերջնական խաղաղություն հաստատվեց Թուրքիայի եւ մեծ տերությունների միջեւ: Պատմությունը դեռ երկար կփնտրի «Հայաստան» անունը», եզրափակվում է Չերչիլի հուշագրությունը:
Հայ ժողովրդի աննկուն կամքի շնորհիվ պատմությունն այսօր «Հայաստան» անունը չէ, որ պետք է փնտրի, այլ հենց պատմությունը` իրական, փաստացի, ճշգրիտ պատմությունը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
No comments:
Post a Comment