Thursday, May 27, 2010

ՀԻՄԱ ԷԼ ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 26-5-2010- Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու եւ դրանց արդարացի լուծում տալու համար, Ժառանգություն կուսակցությունը անհրաժեշտ է համարում շուտափույթ ստեղծել Համակարգող խորհուրդ: Խորհուրդը, ըստ նախաձեռնության կամ կոչի հեղինակների, պետք է բաղկացած լինին լինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, Հայաստանի եւ Ղարաբաղի արտգործնախարարությունների ներկայացուցիչներից: “Ապրելն, ինչպես ասում են, լավ է”, ասում էր Գեորգի Վիցինի հերոսը Կովկասի Գերուհի ֆիլմում: “Իսկ լավ ապրելն ավելի լավ է”, նրան արձագանքում էր նույն ֆիլմում Յուրի Նիկուլինի հերոսը: Քաղաքականության մեջ նախաձեռնողականությունն իհարկե լավ բան է, բայց լավ նախաձեռնությունն ավելի լավ բան է: Սակայն Հայաստանում կարծես թե կա հենց լավ նախաձեռնությունների պակաս, իսկ նախաձեռնություններն ընդհանրապես կարծես թե դարձել են ինքնանպատակ: Այդ հարցում համոզվելու լավագույն առիթը թերեւս ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնությունն էր: Բայց դրանով կարծես թե ոչ թե ընդհանուր գիտակցության մեջ ամրագրվեց, որ նախաձեռնությունն ինքնին դեռ քիչ է, ու այն պետք է լինի տրամաբանված, հաշվարկված եւ հիմնավոր, այլ էլ ավելի խթանվեց ինքնանպատակ տպավորություն թողնող նախաձեռնությունների նորաձեւությունը: Ողջունելի է, որ Ժառանգություն կուսակցությունը, հավատարիմ իր աշխույժ գործելաոճին, որոնում է ելքեր Հայաստանը ներքին ու արտաքին ծանր կացությունից դուրս բերելու եւ մարտահրավերներին դիմագրավելու համար: Բայց մեղմ ասած ոչ միշտ է, որ կուսակցության նախաձեռնությունները այդ գործում իսկպես արժեքավոր են ելքի իմաստով: Ինչ է նշանակում ստեղծել Համակարգող խորհուրդ: Միթե այդ խորհրդի անդամները լուսնից են իջնելու: Հազիվ թե: Դրա անդամները, ինչպես եւ առաջարկի հեղինակներն են մատնանշում, լինելու են Հայաստանի եւ Ղարաբաղի ԱԺ եւ ԱԳՆ ներկայացուցիչները: Դե եթե այդ մարդիկ պիտի գան ու մարտահրավերներին այդ Համակարգող խորհրդով դիմագրավեն, ինչն է նրանց խանգարում այդ բանն անել իրենց տեղերում, կատարելով օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, ինչի համար վճարվում են հարկատուների գրպանից: Եթե այդ մարդիկ ունակ են աշխատել, հասկանալ իրավիճակն ու գտնել լուծումներ, ինչն է նրանց խանգարում անել դա` մի՞թե Համակարգող խորհրդի պակասը: Չէ որ այդ մարդկանց գործը, իրենց տեղերում` Հայաստանի եւ Ղարաբաղի ԱԺ-ներում ու ԱԳՆ-ներում, հայկական պետությունների առաջ կանգնած մարտահրավերները կանխատեսելը, արձանագրելը, ախտորոշելն ու ելքեր որոնելն է: Կարծես թե այդ մարդիկ երբեք չեն դժգոհել, որ Սահմանադրությունն ու օրենքները իրենց չեն տալիս այդ բանն անելու, իրենց մտքի գիգանտությունը իրագործելու հնարավորություններ: Ուրեմն էլ ինչ Համակարգող խորհուրդ: Մի խորհուրդ արդեն իսկ ստեղծվեց, իբր հասարակության եւ իշխանության փոխվստահությունը վերականգնելու համար: Խոսքը Հանրային խորհրդի մասին է: Տեսնում ենք, թե ինչպես են իրար հիմա վստահում հասարակությունն ու իշխանությունը` ով ում որտեղ բռնում վստահում է: Իսկ պատճառն այն է, որ եթե Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված պետական կառավարման մարմինները չեն գործում, կենսունակ չեն, դրանցում ներգրավված են պատահական մարդիկ, քաղաքական եւ անձնական քմահաճություններից եւ նախապատվություններից ելնելով, ապա այլ օտարածին մարմինների ստեղծումը, ինչպես այդ տարատեսակ խորհուրդները, որեւէ այլ հարց չի լուծելու, բացի պետական կառույցների անգործության լեգիտիմացումը: Երկրում կա նախագահի ինստիտուտ, խորհրդարան, Ազգային անվտանգության խորհուրդ, նախարարություններ, խորհրդարանական հանձնաժողովներ, տարատեսակ պատվիրակություններ, դեսպանատներ: Մարտահրավերներին դիմակայելու միակ գործուն միջոցը պետական կառավարման համակարգի գործառույթները լիարժեք իրականացնելն է: Ընդ որում, դրանց գործառույթները սահմանող Սահմանադրությունն ու օրենքները կարծես թե սահմանում են նաեւ արտառոց իրավիճակների պարագայում առավել համակարգված գործելու մեխանիզմները: Հետեւաբար, խնդիրն այն չէ, որ ստեղծվեն պետական կառավարման մարմիններին կից կամ այլընտրանքային մարմիններ, այլ այն, որ այդ պետական կառավարման մարմինները կատարեն իրենց լիարժեք աշխատանքը: Եթե այդ ամբողջ համակարգը, որի աշխատանքի եւ գործունեության մեխանիզմները սահմանված են Սահմանադրությամբ եւ օրենքով, չի աշխատում, ինչ է փոխելու Համակարգող խորհուրդը, բացի ասենք Ժառանգություն կուսակցության նախաձեռնությունների վիճակագրությունից: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: