Wednesday, May 26, 2010

. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ

«Լրագիր» 26-5-2010- ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանը մայիսի 26-ին խոսելով Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձեւի մասին, լրագրողների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ԵԽԽՎ հունիսի ամառային նստաշրջանում քննարկվելու է մեկ այլ բանաձեւ, որն ընդունվել էր դեռեւս 2005 թվականին: Խոսքը Ատկինսոնի հայտնի բանաձեւի մասին է, որտեղ Հայաստանը համարվում է ադրբեջանական տարածքները օկուպացրած երկիր: Զարուհի Փոստանջյանը նշել է, թե այդ ոչ հայանպաստ 1416 բանաձեւը քննարկվելու է դրանում առկա առաջարկի համատեքստում: Խոսքը վերաբերում է Ղարաբաղի հարցի ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ճակատագրին: Զարուհի Փոստանջյանը նշել է, որ ԵԽԽՎ թուրք նախագահ Չավուշօղլուն շատ է ձգտում, որ ենթահանձնաժողովը վերսկսի իր աշխատանքը, որը դադարել էր դրա առաջին նախագահ Ռասել Ջոնսթոնի մահից հետո: Զարուհի Փոստանջյանի խոսքով, Չավուշօղլուի այդ ջանքին փաստորեն աջակցում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով այդ կապակցությամբ բանակցում է ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ: “Այդ գործընթացը փաստորեն իր կողմից, կարելի է ասել նույնպես ինչ որ չափով աջակցվում է, քանի որ տեղի է ունենում, արդեն իսկ կարելի է ասել, որ դա բանակցություններ են, եւ տեղի է ունեցել հանդիպում քննարկում Սեիդովի հետ, բացառելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին: Եվ այդ բանաձեւի վտանգավոր կետերից մեկն էլ նաեւ այն է, որ այնտեղ նույնպես նշված է, որ իբրեւ թե Հայաստանի Հանրապետությունը օկուպանտ երկիր է: Եվ փաստորեն այդ օկուպանտ բառի ներքո, մեր ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները գնում են բանակցությունների”, ասում է Զարուհի Փոստանջյանը: Նա ասում է, թե Հայաստանը այս տարիների ընթացքում որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել խորհրդարանական դիվանագիտության այս ասպարեզում, որպեսզի ցույց տա, թե ով է իրական օկուպանտը: “Բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, որոնց մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպանտ է եւ բռնազավթել է Ադրբեջանի ինչ որ տարածքներ, բայց այսքան տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը դեռեւս մի փաստաթուղթ չի նախաձեռնել, մի փաստաթղթի աջակից չի եղել, որտեղ գրած լիներ, որ իրականում օկուպանտը Ադրբեջանի Հանրապետությունն է: Ադրբեջանը իրեն հռչակել է 1918 թվականի ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ, որտեղ նշված չի եղել ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ Նախիջեւանը: Մենք այդ ուղղությամբ որեւիցե աշխատանք իրական չենք ձեռնարկել”, ասում է Զարուհի Փոստանջյանը: Նա հարց է բարձրացնում, թե արդյոք որեւէ տեղ քննարկվել է Ադրբեջանի պատվիրակության եւ Չավուշօղլուի հետ Ղարաբաղի հարցի ենթահանձնաժողովի վերականգնման շուրջ Դավիթ Հարությունյանի բանակցության նպատակահարմարությունը: “Արդյոք մեր պատվիրակությունում քննարկվել է` պե՞տք է գնալ, թե ոչ, արդյոք ինչ քայլեր է պետք քննարկվել: Նման խնդիրների վերաբերյալ այսօր որեւիցե գործուն քայլեր չեն ձեռնարկվում մեր խորհրդարանում”, ասում է Զարուհի Փոստանջյանը:

No comments: