Thursday, May 27, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՒՂԵՆԻՇ

«Լրագիր» 27-5-2010- ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, խոսելով արտաքին քաղաքական ոլորտում հայկական կողմի համար ընդունվող աննպաստ հայտարարությունների եւ բանաձեւերի մասին, ասել է, թե չէր շտապի դրանք վերագրել Հայաստանի դիվանագիտական կորպուսի վատ աշխատանքին, դեսպանների թերացումներին: Ըստ Արման Մելիքյանի, խնդիրն այն է, որ Հայաստանը չունի մշակված արտաքին քաղաքականություն, եւ դեսպանները չունեն ուղենիշներ: Հարցին, թե արդյոք օրինակ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունն ուղենիշ չէ, Արման Մելիքյանը պատասխանում է. “Եվրամիությանն ինտեգրումը նշանակում է, որ մենք նաեւ պետք է համաձայնենք տարածքների հանձնման գաղափարին, օրինակ: Որովհետեւ Եվրամիությունը կարծես թե մեզանից դա է ակնկալում: Ես չեմ ուզում խոսել այն մասին, որ մենք փորձում ենք ճեղքումներ գրանցել առանձին ուղղություններում, առանց իրականում մեր շահը ձեւակերպելու, առանց հասկանալու, թե այս կամ այն ուղղության վրա ակտիվ կամ պասիվ լինելուց մենք ինչ կարող ենք ստանալ կամ կորցնել: Սա քաղաքականության բացակայության արդյունք է”, ասում է Արման Մելիքյանը, նշելով, որ օրինակ տարածք հանձնելու քաղաքականությունը մի ուղեգիծ է ենթադրում, չհանձնելու քաղաքականությունը` մեկ այլ: Միեւնույն ժամանակ, Արման Մելիքյանն ասում է, որ կա նաեւ այն խնդիրը, որ ինչպես պետական կառավարման համակարգի մյուս օղակներում, այնպես էլ դիվանագիտական կորպուսում ծառայողների ընտրությունը կատարվում է ոչ թե մասնագիտական պատրաստվածության, այլ անձնական նվիրվածության կամ փողի սկզբունքով: Ըստ Արման Մելիքյանի, քաղաքականության բացակայությունն ու մասնագիտական պատրաստվածության փոխարեն անհատապաշտությունն էլ դառնում են արտաքին ոլորտում վատ հետեւանքի պատճառ:

No comments: