Monday, May 17, 2010

ԱՂՄԿՈՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 17-5-2010- Թուրքիան, որը Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացման առկախումից հետո խոստացել է վարել լուռ դիվանագիտություն, ժամանակ առ ժամանակ անցկացնում է աղմկոտ զոնդաժ: Անցյալ շաբաթ հավակնոտ հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն, ով ասել է, թե Թուրքիան մտադիր է հոգեբանական հեղափոխություն անել տարածաշրջանում: Նա հայտարարել է, թե տարածաշրջանում ամեն ինչ պետք է փոխվի այնպես, որ մեքենան, դուրս գալով Կարսից, կարողանա Երեւանով ու Քելբաջարով հասնել Բաքու: Թուրքական Հյուրրիյեթն էլ գրում է, թե Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Էրդողանը փորձելու է համոզել Ադրբեջանին սկզբնական փուլում համոզել համաձայնել ոչ թե 5, այլ 2 շրջանների վերադարձին: Ընդ որում, եթե նախկինում խոսք էր գնում Աղդամի ու Ֆիզուլիի մասին, ապա հիմա` Քելբաջարի ու Ֆիզուլիի: Ինչու են թուրքերը որոշել Աղդամը թողնել հայերին, կարելի է հասկանալ, եթե նայենք քարտեզին: Քելբաջարն ու Ֆիզուլին Ղարաբաղը կապում են Հայաստանին ու Իրանին: Եթե “կտրվեն” այդ շրջանները, կարելի է արդեն Ղարաբաղի վրա կողպեք կախել եւ հեռանալ: Բացի այդ, կրկին նայելով քարտեզին, եթե թուրքերին իսկապես ճանապարհ է պետք Կարսից Բաքու, նրանց բավական է մի անցակետ բացել հայ-թուրքական սահմանին, մեկն էլ` Հայաստան-Ադրբեջան սահմանին, Տավուշում, եւ այդտեղից Թովուզով մեկնել Բաքու: Ղարաբաղն այս դեպքում Քելբաջարով մնում է հեռվում: Ակնհայտ է, որ այս ողջ բլեֆը 2, 3, 5 շրջանների վերադարձի մասին ընդամենը երկու նպատակ ունի` հայերին համոզել տարածքային զիջումների անխուսափելիության մեջ, եւ Ադրբեջանի համար հասցնել ինչ որ բան պոկել: Քանի որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համար ընդամենը երկու խնդիր կա` փակ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները: Ընդ որում, դրանք Հայաստանը չի փակել: Եվ տարածաշրջանում հաղորդակցությունների գործելու համար Անկարան եւ բաքուն պետք է ընդամենը բացեն սահմանները: Այնպես որ, հոգեբանական հեղափոխություն պետք է անել Բաքվում եւ Անկարայում: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: