Wednesday, May 12, 2010

ՄԻ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

«Լրագիր» 12-5-2010- Ղարաբաղի պատերազմի հրադադարի 16-ամյակը առիթ տվեց խորհելու եւ խոսելու այն մասին, թե ինչպես է Հայաստանը, ընդհանրապես հայությունն օգտագործել խաղաղության, թեկուզ հարաբերական խաղաղության 16 տարին: Մեկնակետի առումով իրավիճակը կարծես թե բավական հակասական էր` Հայաստանը միաժամանակ պայքարում էր թե ԽՍՀՄ փլուզման տնտեսական հետեւանքի դեմ, թե զուգահեռ պատերազմ էր մղում այդ հետեւանքն իր վրա ավելի քիչ զգացած Ադրբեջանի դեմ: Այդ իրավիճակում վարված պատերազմն իսկապես շատ ուժ, ռեսուրս եւ եռանդ էր խլել երկրից, բայց մյուս կողմից էլ այն երկրին տվել էր ռազմական հաղթանակ, դրանից բխող բարոյահոգեբանական եւ ռազմաքաղաքական առավելություններով հանդերձ: Խաղաղության ահա այդ հարաբերակցության պայմաններում էլ Հայաստանը պետք է շարունակեր իր պետականության ձեւավորման եւ կայացման գործը, որ սկսել էր պատերազմի ժամանակահատվածում: Անցած տարիները կարծես թե վկայեցին, որ Հայաստանը, հայությունը պատերազմին ավելի էին պատրաստ, քան խաղաղությանը: Համենայն դեպս, պատերազմի ընթացքում ունեցած ձեռքբերումները թերեւս ավելի շատ են ու ռազմավարական առումով նշանակալի, քան խաղաղության տարիներին արձանագրածը: Դրա կարեւորագույն պատճառներից, բացատրություններից մեկն ըստ իս այն է, որ պատերազմի դեպքում ավելի հեշտ է, իհարկե հարաբերականորեն ասած, քանի որ ամեն ինչ չէ, որ կախված է միայն քեզանից: Պատերազմի պարագայում իրավիճակը միայն քո գործողությունների շնորհիվ չէ, որ ձեւավորվում է, ենթարկվում փոփոխության: Հաճախ քո սխալն ուղղվում է հակառակորդի կամ թշնամու սխալով, կամ քո բացթողումը լրացվում է հակառակորդի կամ թշնամու բացթողումով: Թերեւս մի քիչ այլ է խաղաղ կյանքում, երբ արդեն ամեն ինչ կախված է քեզանից, երբ քո սխալն ուղղող ուրիշի սխալ չկա, քո բացթողումը մեղմող ուրիշի բացթողում չկա, երբ ուրիշը չկա, ու այդ ուրիշի բացակայությունն արդեն խառնում է սխալի ու հանցանքի սահմանները, սխալը վերածվում է հանցանքի, բացթողումը դառնում է մեղք: Այդպես, պատերազմի ժամանակահատվածում ինչ որ տեղ նաեւ բնականորեն առաջացող սխալները, բացթողումները, հանցանքներն ու մեղքերը խաղաղության ընթացքում նվազելու, աստիճանաբար չեզոքանալու փոխարեն սկսեցին իրենց էլ ավելի ազատ զգալ, էլ ավելի ազատ դրսեւորվել, նույնիսկ հերոսանալ, ինքնահաստատվել: Հետեւանքը պետականության այն կերպն է, որ կա հրադադարից 16 տարի անց: Հայաստանում այսօր շատերը, նույնիսկ նրանք, ովքեր հաղթանակը մսխելու հարցում ունեցել են զգալի ներդրում, ընդունում են, որ հաղթանակը մսխվել է: Իհարկե, շատերը դա ընդունում են քիչ թե շատ մնացածն էլ մսխելու շրջանակում: Բայց կարծես թե փաստ է, որ գրեթե բոլորն անկարող են չնկատել մսխումը, չնկատել, որ հրադադարի 16 տարիները չօգտագործվեցին պատերազմի ընթացքում ձեռք բերած բարոյահոգեբանական եւ ռազմաքաղաքական առավելությունն ամրացնելու, անշրջելի դարձնելու համար: Պատերազմի հաղթանակն այդ տարիներին դարձավ հիմնականում ռազմահայրենասիրական պաթոսի հումք, ինչպես նաեւ կուսակցական կամ խմբակային նպատակների իրականացման հուսալի գործիք, որն օգտագործվեց 16 տարի անդադար: Դրան դիմագրավել անկարող եղան թե հայաստանցիները, թե սփյուռքի հայությունը, որի համար էլ հաղթանակը պաթոսի հումքից այն կողմ չանցավ, եւ սփյուռքահայությունը, չնչին բացառություններով հանդերձ, այդուամենայնիվ փորձ անգամ չարեց գործուն մասնակցություն ունենալ խաղաղության տարիների պետականաշինության գործում, իր ունեցած ռեսուրսները հնարավորինս ծառայեցնել Հայաստանում արդիական եւ համաշխարհային ասպարեզում մրցունակ համակարգեր ձեւավորելուն, Հայաստանի հասարակությանը զուգահեռ էլիտաներին ներքին կյանքի հետ կապված պահանջներ թելադրելուն: Դրա պատճառն այն է, որ սփյուռքահայության զգալի մասի համար էլ պատերազմող հայրենիքը գայթակղիչ ռոմանտիկա էր, իսկ խաղաղ պետականաշինությունն` ավելորդ պատասխանատվություն եւ հոգս: Ինչ կլինի հրադադարի կամ խաղաղության 17-րդ, 18-րդ, եւ հետագա տարիներին, մի կողմից ասելը թվում է դժվար, մյուս կողմից այժմ ասելու բան էլ չկա: Ինչ պիտի լինի, եթե պետական կյանքի կազմակերպման որակական որեւէ փոփոխություն չի նախանշվում, չի ուրվագծվում, եթե ոչ թե հանրապետության մտավոր ներուժն է մոբիլիզացվում իրավիճակը արագ եւ շրջադարձային փոփոխության ենթարկելու համար, այլ մոբիլիզացվում են հիմնականում հաղթանակի մնացորդները, մնացյալ ժամանակն էլ դրանցով յոլա տանելու համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: