Saturday, May 15, 2010

«Թուրքերը միշտ էլ գրելու են հնարովի պատմություն»

Aysor.am.15-5-2010- Թուրքերը միշտ էլ գրելու են հնարովի պատմություն, միշտ էլ խեղաթյուրելու են պատմությունը, մեր խնդիրն է մեր օբյեկտիվ պատմությունը թարգմանել և օտար շուկայում տարածել, իսկ դրա համար որևէ պետական մոտեցում չկա: Aysor-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխնօրեն Կարեն Խաչատրյանը, ով մտավախություն հայտնեց, որ որքան էլ մեր պատմությունն օբյեկտիվ է, եթե չի «արտահանվում» միջազգային շուկա, այն կմնա մեր ներսում: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նախ հիշեց Թուրքիայում գործող Թուրքական պատմական պետական ընկերակցության մասին, որն զբաղվում է թուրքական պատմության շարադրմամբ և հսկայական ֆինանսավորում է ստանում կառավարությունից, ապա նաև նկատեց, որ միևնույն է, լուրջ պատմաբաններն ընկերակցության գրած պատմությունն անվանում են խեղաթյուրում, քանի որ ներկայացվում է թուրքական պատմությունը նորովի ու ըստ պատվերի: «Ներկայումս էլ Թուրքիայում գրվում են ժամանակակից շրջանին վերաբերող գրքեր: Ցեղասպանությունը հերքող բոլոր գրքերը թուրքական պատմական ընկերության այսպես կոչված պատմաբանների կողմից է գրվում` Յուսուֆ Հալաչօղլու, Հիքմեթ Օզդեմիր, Ջեմիլ Չիչեք, մի շարք այլ անձնավորություններ»,- թվեց Ռ.Մելքոնյանը: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ պատմությունը հայկական թեմատիկայի շուրջ խեղաթյուրող պատմաբանները Թուրքիայում մեծ հարգանք են վայելում, իսկ հայ թուրքագետներն ու պատմաբանները, թուրքագետի խոսքով, անդրադառնում են հենց Թուրքիայի պատմությանը, սակայն` օբյեկտիվ դիտարկմամբ: Այսպես, Մելքոնյանը վստահ է` հետագայում հայ պատմաբանների գրված թուրքական պատմությունը թուրք ժողովրդի համար կդառնա իրականության հայելի: Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը նշեց, որ հայ պատմաբանները թուրք պատմություն գրողների գործերին ծանոթանում են ինտերնետի միջոցով, քանի որ գրքերը Հայաստան չեն հասնում, ապա հիշեց, որ ինտերնետով էլ չեն կարողանում նորմալ ծանոթանալ օտար պատմություններին: «Պատմության ինստիտուտի գործառույթներն այնքան շատ են, որ դա լուրջ պետական աջակցություն և ֆինանսավորում է պահանջում, մենք անգամ ինտերնետ չունենք, որ հսկենք, ծանոթանանք կամ պատասխանենք թուրք կամ այլ ազգերի պատմություններին: Բազմիցս բարձրացրել ենք հարցը, բայց ամեն ինչ կանգնում է ֆինանսական միջոցների առջև: Դոկտոր-պրոֆեսորի աշխատավարձը հազիվ հասնում է 55 հազար դրամի, գիտաշխատողը ստանում է 35 հազար դրամ և այդ գումարով նա ունակ չէ նման ծանր աշխատանքի»,- ասաց Կարեն Խաչատրյանը: Պատմաբանը տխրելու առիթներ շատ ունի, բացի 55 հազար դրամ աշխատավարձից, տեխնոլոգիաների աշխարհում ինտերնետի բացակայությունից: Ինչպես հիշեց Կարեն Խաչատրյանը, Մոսկվայում որ գրախանութ մտնում ես` ռուսերեն լեզվով թուրքական պատմական գրքերն են, թերթում ես և տեսնում, թե ինչպե՞ս է պատմությունը խեղաթյուրվում, իսկ հայկական պատմության մասին օբյեկտիվ գիրք գտնելն անհնար է: «Գոնե ռուսերեն լեզվով պետք է մեր գրքերը հրապարակվեն: Ախր մենք ունենք գրած գրքեր, բայց ո՞ւմ են պետք դրանք, դրանք միայն ներքին լսարանի համար են, իսկ մեր լսարանն արդեն իսկ գիտի մեր պատմությունը»,- նշեց պատմաբանը: Հայոց Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, մեր պատմությունն արտահանելու առաջին դաշնակիցն այս հարցում թուրք գիտնականներն են, որոնց մի մասը գործում է Թուրքիայում, մի մասը դրսում, և ովքեր գրում են այն պատմությունը, որն արգելված է Թուրքիայում: «Մյուս պատմաբանների կողմից պատմություն շարադրելը լուրջ հոգեբանական ազդեցություն թողնող աշխատանք է, այն կարող է քայքայիչ ներգործություն ունենալ, ընդհուպ մինչև փլուզումների առաջացում` հավատքի, արժեհամակարգի, պատմության հետ կապված: Թուրք լրագրողները երբ սկսեցին խոսել ամեն ինչի մասին, դա բերեց ամենաթողության, ընտրովի հիշողությունն է այնտեղ, դա կեղծ է, և լիարժեք կերպով չի արտահայտում իրենց պատմությունը»,- ասաց Հ.Դեմոյանը: Թուրքական պատմությունը Հայկ Դեմոյանը որակեց «հատվածային հիշողությամբ շարադարված», և հենց Թուրքիայի խոցելիությունը, ցեղասպանագետի խոսքով, պատմության մեջ է: «Ամեն ինչ պետք է վերաշարադրվի, որպեսզի պարզ դառնա` ի վերջո, թուրքերը ազատամարտիկնե՞ր, թե` հանցագործներ»: Որքան էլ մենք հեգնենք թուրք պատմաբանների` պատմությունը յուրովի ներկայացնելու մոլուցքը, մենք` իրենց մեղադրելուց առաջ, գուցե նայենք, թե իրենք որքա՞ն գումարով են խեղաթյուրում, ապա շնորհակալություն հայտնենք մեր էնտուզիաստ պատմաբաններին: Դառնանք նաև մեր կառավարական մարմիններին ու չասենք շնորհակալություն չֆինանսավորման կամ ոչ հետևողական վերաբերմունքի համար:

No comments: