
Tert.am. 15-5-2010- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է Թուրքիայի և Ադրբեջանի միասնության դեպքում: Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ստամբուլում Ադրբեջանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Հասան Սուլթանօղլու Զեյնալովը:
«Մենք չպետք է մոռանանք Ղարաբաղը և, անխոս, այն պետք է ետ վերցնենք: Իսկ դա հնարավոր է Թուրքիայի և Ադրբեջանի միասնության դեպքում: Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվելու է Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական կապի ամրությամբ: Մենք միշտ բարեկամական ձեռք ենք մեկնել հայերին, սակայն նրանք մեր գլխին բերեցին Խոջալուի դեպքը…»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը` ավելացնելով, որ Բաքուն ծրագրում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Հասան Զեյնալովը նշել է, թե Հայաստանը, որը համառում են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցում, ցանկանում է փչացնել Թուրքիա-Ադրբեջան եղբայրական հարաբերությունները:
«Իհարկե, ես չեմ բացառում, որ ապագայում կբացվեն ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական սահմանները: Սակայն այդ սահմանները բացվելու են տարածքների վերադարձի դեպքում, հայերի կողմից Թուրքիայի սահմանները ճանաչելուց հետո: Հակառակ դեպքում` սահանադուռը բացելը դեմ է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի շահերին»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը` հիշեցնելով պաշտոնական Անկարայի` առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սահմանը չբացելու մասին հայտարարությունը:
No comments:
Post a Comment