Tuesday, May 25, 2010

Եվրախորհրդարանում ձևավորվել է հակաթուրքական ճակատ

Tert.am. 25-5-2010- Եվրախորհրդարանում Դանիայի ներկայացուցիչ Մորթեն Մեսերշմիդթի (Morten Messerschmidt) նախաձեռնությամբ ձևավորվել է հակաթուրքական ճակատ: Դանիական Ritzau լրատվական գործակալության հետ հարցազրույցում Մեսերշմիդթը դժգոհել է վերջին շրջանում Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի` Թուրքիայում առկա իրավիճակի մասին «չափից շատ դրական» տեսակետներից և հայտարարել, որ 50 խորհրդարանականներից բաղկացած նոր ձևավորված խմբի հիմնական նպատակը Թուրքիայում առկա զարգացումներն իրենց անունով կոչելն է: Դանիացի քաղաքական գործիչը նաև քննադատել է Եվրախորհրդարանին և Եվրահանձնաժողովին` Թուրքիայի վերաբերյալ զեկույցներում «կողմնակալ քաղաքականություն» որդեգրելու և «իրականությունը չարտացոլելու» համար: Նշենք, որ Մորտեն Մեսերշմիդտը հայտնի է նաև իր հայանպաստ դիրքորոշմամբ: Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Մեսերշմիդտը ողջունել էր շվեդ օրենսդիրների այդ քայլը և հայտարարել. «Հայոց ցեղասպանության համար, բնականաբար, պետք է գործածենք Ցեղասպանություն եզրույթը»: Մորտեն Մեսերշմիդտի այս նախաձեռնությունը քննադատել է Դանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր ազգությամբ թուրք Յըլդըզ Աքդողանը: Վերջինս Եվրախորհրդարանի մյուս ներկայացուցիչներին կոչ է արել ձևավորել մի խումբ, որը կհակազդի հակաթուրքական այդ ճակատին և եվրոպական այդ կառույցում կպաշտպանի Թուրքիայի շահերը:

No comments: